Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 64-ամյա Ս. Մարտիրոսյանին և 40-ամյա Ն. Մովսեսյանին դատապարտեց համապատասխանաբար 8 և 7 տարվա ազատազրկման:
Ժողովուրդ թերթը գրում է, որ այս գործը դատարանում քննվել է 8 ամիս: Ս. Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով այն բանի համար, որ Հ. Մուրադյանին ստիպել էր Թուրքիայի «Իշիկե» հյուրանոցում զբաղվել մարմնավաճառությամբ, շուրջ 4 ամիս շահագործել էր նրան և նրանից ստացել մարմնավաճառությամբ վաստակած մոտ 7500 ԱՄՆ դոլար:
Իսկ գյումրեցի Ն. Մովսեսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Հ. Մուրադյանին խոստացել էր Տրապիզոն քաղաքում դայակի աշխատանք գտնել, սակայն այցելության 2-րդ օրվանից նրան հրամցրել է մարմնավաճառի աշխատանքը:


