Այսօր ԱԺ նիստում ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը հարց հղեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին Հայաստանի կողմից Ռուսաստանին կուտակած 300 մլն դոլարի պարտքի մասին.

«Մենք պետք է անկեղծ լինենք և ԱԺ-ի և մեր ժողովրդի հետ: Այսօր ես՝ որպես ԱԺ պատգամավոր և ՀՀ քաղաքացի, ինձ խաբված եմ զգում: Դուք անձամբ բազմիցս ամբիոնում կանգնած եք եղել և հերքել եք, որ Հայաստանի համար գազի գինը չի բարձրացել: Տարիների ընթացքում ՀՀ-ն պարտք է կուտակել 300 մլն դոլար: Մենք գիտենք, որ խորհրդարանը պետք է հավանություն տա նման պարտքի կուտակմանը, Դուք չեք եկել, չեք ներկայացրել հարցը ԱԺ-ին՝ առավելևս Ձեզ հարցրել են, թե արդյոք գազի գինը բարձրացե՞լ է, Դուք հերքել եք: Այժմ մեզ ուզում եք մասնակից դարձնել մի գործարքի, որը մեզնից թաքցրել եք, ես ինձ խաբված եմ զգում»,- դիմելով Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ասաց Օսկանյանը:


Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Ես երբեք չեմ ասել, որ ՀՀ-ի համար գազի գինը չի բարձրացել, այլ ասել եմ, որ բանակցություններ են գնում ռուսական կողմի հետ վերջնական հարաբերությունները ճշտելու համար, ուրիշ բան երբեք չեմ հայտարարել: Հիմա էլ ասում եմ՝ այո, այն ժամանակ խնդիր է դրվել, որ պետք է բարձրանա, մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ գազի սպառումն իրականացնում ենք այն գնով, ինչը եղել է: Բանակցություններն ավարտվեցին, դրանից հետո նոր ներկայացրինք ձեզ, մինչ այդ որևէ բան ներկայացնել կամ թաքցնել, իմաստ չուներ, սա է ամբողջ պատմությունը»:

Օսկանյանն ի պատասխան ասաց. «300 մլն դոլարը երբվանի՞ց է սկսել կուտակվել»:

«Պարտքը կուտակվել է 2011 թվականից: Թե ինչ պետք է լիներ վերջական պարտքը, համաձայն պայմանավորվածության, բանակցությունների վերջում պետք է հայտնի լիներ, ավարտից հետո նոր պարզ դարձավ»,- արձագանքեց նախարարը: