Երեկ վթարի ենթարկված երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասացին Նաիրի բժշկական կենտրոնւց:
Վթարի ենթարկված ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի մոտ առկա է գանգուղեղային տրավմա: Երգչուհին ստացել է նաև ուղեղի ցնցում:
«Վիճակը կայուն է, նա իրեն լավ է զգում և այսօր նա կանցնի մի շարք հետազոտություններ»,-ասացին Նաիրի բժշկական կենտրոնից:
Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ բախվել են Երեւանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի եւ 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Reno-ն հայտնվել է Մյասնիկյանի արձանի սանդուղքներին, իսկ վթարի հետեւանքով Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղեւորները եւ Reno-ի ուղեւորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Նաիրի», մի մասը` «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Reno մակնիշի ավտոմեքենան օգտագործվում է տաքսի ծառայությունում որպես տաքսի, իսկ նրա ուղեւորը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը: Ոստիկանությունը պարզում է մյուս վիրավորների ինքնությունը:


