Այս տարի եղան իրադարձություններ, որոնք հաջորդ տարին դարձնում են մարտահրավերներով լի:
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, ամփոփելով անցնող տարին, այսպես սկսեց իր խոսքը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
«Պետք է նշել, որ բոլոր կարևոր իրադարձությունները տեղի ունեցան տարվա վերջին՝ սեպտեմբերի երեքին և դեկտեմբերի երկուսին», - նշեց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի երեքին Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու մասին, իսկ դեկտեմբերի երկուսին Հայաստան այցելեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այս տարին, ըստ քաղաքագետի, կարելի է կոչել ակտիվիստների տարի: «Մասնավորապես ես խոսում եմ որոշ խնդիրների շուրջ քաղաքացիական ակտիվության մասին: Սա ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացիները փորձում են մարտահրավերներ նետել», - նշեց նա, հավելելով, որ ակտիվության բարձրացման հետ մեկտեղ աճեցին հարձակումները և ոստիկանապետի խոստումները չիրականացան և մեղավորները չպատժվեցին:
Նշելով դրական ձեռքբերումները, քաղաքագետը նկատեց, որ առաջին վեց ամիսների ըթնացքում տեսանք բարեփոխումների փորձեր: Հաջորդ տարվա միտումը, ըստ նրա, սկսվեց սեպտեմբերի երեքին: «Բացասական միտում էր Եվրոպային ոչ ասելն ու Մաքսային միություն գնալը: Ինչպես սեպտեմբերի երեքը, դեկտեմբերի երկուսը նույնպես վիրավորանք են հայերի ինքնիշխանության համար: Խնդիրն այստեղ հարգանքի և հավասար հնարավորությունների պակասի մեջ են», - եզրափակեց նա: