ՀՀ Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ, այս մասին տեղեկացնում է ՀՔԾ:
Ըստ դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման` ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Մ. Ղ.-ն 2010 թվականից մինչև 2011 թվականն ընկած ժամանակահատվածում որպես դատապարտյալ` ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժ կրելու ընթացքում տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց:
Նույն ժամանակահատվածում արտասահմանում մշտապես բնակվող մայրը` Ն. Ղ.-ն, «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալին է ուղարկել խոշոր չափի գումար` իրեն դատապարտյալների հիվանդանոցից ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ ուղարկելու համար:
Բացի այդ, Ն. Ղ.-ն «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալին փուլ-փուլ գումար է ուղարկել, իսկ քրոջ ամուսինը 2010 թվականին ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում ազատազրկման ձևով իր պատիժը կրելու ընթացքում, «Վանաձոր» ՔԿՀ պետի տեղակալին է տվել որոշակի գումար` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդություն ներկայացնելու համար:
Բացի դրանից, քույրը` Ռ. Ա.-ն, իր համար «Վանաձոր» ՔԿՀ-ում բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով հիշյալ ՔԿՀ պետի տեղակալին տվել է գումար, և այլ ապրանքներ:
Կատարվում է նախաքննություն: