Այսօր ժամը 15:00 ԱԺ-ում պետք է գումարվի Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ իրենք ն ունեն հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրելու իրավունք: «Օրակարգն ուղարկել ենք համապատասխան անձանց: Առաջին հարցով կքննարկվի հենց քվեարկության օրինականությունը, նաև կքննարկվի հանձնաժողովի անդամներին փոխելու հարցը», - նշեց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ արտահերթ նիստում քվեարկության էր դրվել հայ-ռուսական մի քանի պայմանագրերի վավերացման հարցը, այդ թվում՝ «ՀայՌուսգազարդին» վերաբերող: Քվեարկությունը կատարվել էր բաց կերպով, հաշվելուց հետո հայտարարվեց 77 կողմ, ինչից հետո ոչ իշխանական ուժերը լքեցին դահլիճը, իսկ քիչ անց Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ իրականում կողմերի թիվը 72 է:

Նշենք նաև, որ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը երեկ մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում արդեն նշել է, որ չի մասնակցելու այսօրվա նիստին:

«Եթե պարոն Ավետիսյանը չի գալիս նիստի, հասկանալով որ իրականում խախտում է եղել, թող հայտարարի, իսկ եթե քաղաքական նպատակով չի գալիս՝ մտածելով թե միայն ոչ իշխանական ուժերն են, սխալ է, մենք միայն նպատակ ունենք քննարկել և բացառել հետագայում նման դեպքերը», - պարզաբանեց նա: