ԱԺ արտահերթ նիստի ընթացքում պատշաճ ժամանակ չի տրվել, որպեսզի Հաշվիչ հանձնաժողովը կազմակերպի քվեարկության գործընթացն ու անցնի գործի: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով նիստի ընթացքում տեղի ունեցած քվեարկությանը, նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Կանոնակարգ օրենքի համաձայն` եթե էլեկտրոնային համակարգը չի աշխատում, գործի է դրվում բաց քվեարկություն: Խնդիրն այն է, որ չգործելու պատճառով անցում է կատարվել բաց քվեարկության, սակայն ոչ միայն ժամանակ չտրվեց, որ հանձնաժողովը կազմակերպի գործընթացը կամ անցնի գործի, այլև գործընթացին միայն մասնակցեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահը», - նշեց նա` հավելելով, որ անդամները ոչ միայն չմասնակցեցին, այլև նիստ չգումարեցի, որպեսզի ներկայացնեին արդյունքները:

Պատգամավորի խոսքերով, խախտման բացահայտ փաստ էր քվեարկության արդյունքների փոփոխությունը՝ սկզբում ասվեց 77, հետո՝ 72:

«Ժամանակավոր հանձնաԺողովի արդյունքները ընդունվում են գոնե յոթ անդամներից չորսի համաձայնության դեպքում, սակայն չորսը չեն մասնակցել, հետևաբար դա անօրինական է», - նշեց նա: