Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ «ՀայՌուսգազարդ»-ի ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասը «Գազպրոմին» վաճառելու համաձայնագրին և իր խոսքն ուղղեց ԱԺ 4 ոչ կոալիցիոն խմբակցություններին։
«Եթե այս պայմանագրերը այդքան կործանարար էին, բա ձեր կուսակցության ղեկավարները ո՞ւր էին, եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հարգարժան ղեկավարը նույն օրը կամ երկու օր հետո Ֆիզկուլտ ինստիտուտում ելույթ է ունենում, բայց պառլամենտում, ինչպես իրենք են ասում՝ այդ կործանարար հարցի քննարկմանը չի լինում, նշանակում է, որ նման կործանարար հետևանքներ չունեն»,– նշեց նա:
Շարմազանովի խոսքերով, միգուցե սաստիկ սառնամանիքից ԲՀԿ–ական գործընկերներից մի քանիսը կորցրել են հիշողությունը և մոռացել են, որ իրենք չեն կարող լինել ընդդիմություն:
Անդրադառնալով «Ժառանգությանը», ԱԺ փոխնախագահը նշեց, որ «պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը» այդ պայմանագրերի վերաբերյալ զարմանալիորեն որևէ կարծիք չի հայտնել, նույնը նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«ՀԱԿ-ի ֆրակցիայի ղեկավարը, որ այդպես բարձրաձայն կուրծք է ծեծում, այդ ինչո՞ւ իրենց առաջնորդը այդ մասին չի խոսում: Դե թող խոսի: Ազնիվ չէ մինչև ժամը 1-ը լինել ռուսամետ, ինչպես իրենք են ասում, 1-5–ը՝ արևմտամետ, 5-ից մինչև ժամը 12-ը՝ իշխանամետ»,– ասաց նա։