Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից հատվածներ։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

«Չնայած սա այս տարվա վերջին խմբագրականն է, բայց զուտ ամանորյա ոճի մեջ չեմ կարող տեղավորվել և ուզում եմ խոսել լայն տարածում գտած երևույթի՝ լկտիության, զոռբայության, ցինիզմի մասին։

Ի՞նչն է պակասում Շմայսին այս կյանքում։ Թվում է, թե ոչինչ, նստիր քո անկյունում և կեր քո բիզնեսների փողերը։ Բայց՝ ոչ. նա ձգտում է ինչ-որ բան ապացուցել։ Ի՞նչ։ Որ ինքը իր գրագիտության, մտավոր մակարդակով հանդերձ՝ կարող է «վերխ վերցնել» ցանկացած ընդդիմադիրի կամ լրագրողի վրա։ Ինչո՞վ։ Բնականաբար, իր անպատկառ բառապաշարով, գուցե իր և իր թիկնապահների բռունցքներով։ Այսինքն՝ իշխանության ներկայացուցչին պետք է ամեն պահի ապացուցել, որ «նրա դեմ խաղ չկա»։

Նույնը՝ Տարոն Մարգարյանը։ Նրա ինչի՞ն է պետք գիտությունների թեկնածուի կոչումը։ Ոչ աշխատավարձն է դրանից ավելանալու, ոչ էլ հեղինակությունը։ Ոչ էլ, բնականաբար, նա ժամանակ ու ցանկություն ունի զբաղվելու գիտությամբ և այդ բնագավառում ինչ-որ գյուտեր անելու։ Նպատակն այլ է. ստորացնել, նսեմացնել գիտությանը և դրանով զբաղվողներին, վերջնականապես արժեզրկել ոչ միայն գիտական կոչումները, այլև ինքը՝ միտքը, մտավոր գործունեությունը։ «Ես կարող եմ անել այն. ինչ ուզում եմ։ Իսկ դուք՝ բուհի ռեկտոր, գիտխորհրդի և ԲՈԻՀ-ի անդամներ, ծպտուն չեք հանի և ինձ գիտնական կհռչակեք». ահա նրա «մեսիջը»։

Խնդիրը նույնն է՝ «իմ դեմ խաղ չկա»։

Միջազգային հարաբերություններում նույնն է։ Դուք կարծում եք՝ Ռուսաստանի համար խնդի՞ր է որևէ գնով գազ վաճառել մի տարածքում, որտեղ աբոնենտների թիվը տասն անգամ քիչ է, քան Մոսկվայում։ Ոչ, դա նրանց համար մանրուք է։ Խնդիր էր դրված համաձայնագրում գրել կետեր, որոնք կվիրավորեն մեր արժանապատվությունը՝ 30 տարի ինչ ուզենք՝ կանենք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։