Արցախի կառավարության գործունեության առաջնահերթությունն է քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը, սոցիալական ապահովության եւ անվտանգության անշեղ ամրապնդումը: Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանի ամանորյա շնորհավորական ուղերձում:
«Հրաժեշտ ենք տալիս 2013 թվականին, մի տարի, որը եղավ հերթական կարեւոր ժամանակահատվածը մեր երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելու ճանապարհին: Առավելապես ստեղծարար աշխատանքով հագեցած անցնող 12 ամիսներին մեզ հաջողվեց հանրապետությունում ապահովել տնտեսական զգալի աճ, լուրջ ձեռքբերումների հասնել մի շարք ասպարեզներում: Դրանք երբեմն առաջին հայացքից տեսանելի չեն, որովհետեւ ոչ տեղական հանգամանքներով պայմանավորված գնաճը հաճախ ստվերում է մեր շատ հաջողություններ: Հուսանք, որ սա ժամանակավոր երեւույթ է, եւ մոտ ապագայում մեր առաջընթացը կլինի առավել շոշափելի:
Կառավարության գործունեության առաջնահերթությունն է մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը, սոցիալական ապահովության եւ անվտանգության անշեղ ամրապնդումը: Այս ոլորտներում պետությունը կատարում է հսկայական ներդրումներ եւ իրագործում տասնյակից ավելի նշանակալից ծրագրեր: Մենք պետք է առաջ ընթանանք շարունակական բարեփոխումների ճանապարհով` հետ չմնալու քաղաքակրթական ընդհանուր զարգացումներից: Այդ տեսանկյունից, կարծում եմ, լավ ու ցանկալի տարի կդառնա 2014 թվականը: Մենք նախատեսում ենք պահանջված բարեփոխումներ աշխատավարձերի ու կենսաթոշակների համակարգերում` դրանք զգալիորեն բարձրացնելու եւ առավել արդարացի բաշխելու սկզբունքներով: Մեծ միջոցներ կհատկացնենք փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Մենք մշտապես հետամուտ կլինենք, որ մեր քաղաքացիները իրենց ներկան ու ապագան շաղկապված տեսնեն գերազանցապես հայրենիքի հետ եւ այստեղ գտնեն իրենց երջանկությունն ու կյանքի իմաստը: Արցախյան խնդրի վերջնական կարգավորումը մեզ թելադրում է սեփական հողի վրա գործել ավելի հեռատեսորեն ու նպատակասլաց:
Թանկագին հայրենակիցներ.
Նոր տարին ընտանեկան հաճելի ու գեղեցիկ տոն է նախեւառաջ: Ուստի մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում իշխեն սերն ու համերաշխությունը, բարեկեցությունն ու լավատեսությունը: Բարին ու խաղաղությունը մաղթենք մեր սիրելի Արցախին եւ հայկական ողջ աշխարհին: Թող Աստված հավերժ պահապան լինի մեր ժողովրդին:
Ջերմ շնորհավորանքներս ձեզ` Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ»,- ասվում է ուղերձում: