«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ս.թ. հունվարի 7-ին և 8-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության մասնագետների կողմից իրականացվել է ուսումնասիրություն կաթնամթերքի շուկայում: Ուսումնասիրությունն իրականացվել է թվով 20 փոքր, միջին և խոշոր իրացման կետերում: Հատկապես փոքր բակային խանութներում հունվարի 7-ին առկա էր շատ քիչ խմբաքանակով և միայն 2013 թ.-ի արտադրանք, այն էլ ոչ բոլոր խանութներում:

Տնտեսվարող սուբյեկտները մասնագետների հետ զրույցում տեղեկացրել են, որ արտադրող ընկերությունները կաթնամթերքն առաքելու են հունվարի 8-ին՝ այսօր: Մի փոքր այլ էր պատկերը միջին և խոշոր իրացման կետերում. որոշ խանութներում հայտնաբերվել են ժամկետանց մթերքներ, ընդ որում իրացման ցանցում առկա է եղել թե՛ 2013 թ.-ի, թե՛ արդեն 2014 թ.-ի արտադրության մթերքներ: Որոշ արտադրողների մոտ նկատվել են մակնշման խնդիրներ, մասնավորապես եղել են դեպքեր, երբ մակնշման մեջ բացակայել է մթերքի արտադրման օրը, և մակնշված է եղել միայն պիտանելիության ժամկետի ավարտը: Եղել են դեպքեր, երբ արտադրության օրվա և պիտանելիության ժամկետի ավարտի օրվա միջև տարբերությունը կազմել է 12 օր, մինչդեռ տվյալ մթերքի պիտանելիության ժամկետն առավելագույնը կազմում է 10 օր: Բոլոր այն իրացման կետերում, որտեղ Կազմակերպությունը հայտնաբերել է ժամկետանց մթերքներ, իրացնողները նշված մթերքները դուրս են բերել իրացումից:

Նշված խնդիրների մասին Կազմակերպությունը տեղեկացրել է նաև արտադրող ընկերություններին, որոնք խոստացել են արագ լուծել խնդիրները և նոր խմբաքանակերի առաքման հետ զուգահեռ հետ հավաքել սխալ մակնշած և ժամկետանց մթերքները:
Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին պահպանել զգուշավորություն, ձեռք բերել միայն այն մթերքները, որոնք վրա առկա է թե՛ արտադրման, թե՛ պիտանելության ժամկետի ավարտի օրը, իսկ վերը նշված խնդիրներին հանդիպելիս ահազանգել Կազմակերպության +374 10 430 930 հեռախոսահամարով:»