«Առավոտը» գրում է. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանը Ամանորի շեմին պարգևատրվել է 650 000 դրամով, պրոռեկտոր Գրիշա Հովհաննիսյանն էլ՝ 380 000։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ համալսարանի աշխատակիցներից։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս աշխատավարձը Արա Ավետիսյանը հատկացնում է իրեն մեկ ամսից քիչ ժամանակահատվածի համար, ապա հեշտ է հաշվարկել, որ այդ ծավալի գումարը համապատասխանում է մեկ ամսվա աշխատավարձի 1 300 000 դրամ չափին, իսկ դա իր հերթին համապատասխանում է 7 պրոֆեսորի աշխատավարձի չափին»,– ասաց պոլիտեխնիկցիներից մեկը։

Մյուսների պատմելով, դեռևս նոյեմբերի վերջի ռեկտորատի նիստի ժամանակ պարոն Ավետիսյանը հայտարարել էր, թե Պոլիտեխնիկը այլ բուհերի համեմատ գտնվում է լավ Ֆինանսական վիճակում ՝ նույնիսկ տնտեսումներ ունեն։ Չնայած սրան՝ նաև նշել էր, որ չի պատրաստվում պարգևատրում իրականացնել, քանի որ նախկին տարիների բարեփոխումների համար որևէ գնահատանքի չի արժանացել։

Ի դեպ, ռեկտոր Ավետիսյանը կոլեկտիվին հավելավճար տրամադրելու հենց մերժման օրը՝ դեկտեմբերի 27 ին է արձակել մի հրաման, համաձայն որի՝ ինքն իրեն անալիտիկ քիմիայի բնագավառում կես ամսից քիչ ժամանակահատվածում կատարած աշխատանքի դիմաց հատկացնում է վճարում 650 000 դրամի չափով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։