Հունվարի 8-ին տեղի է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Պանամա:  Էդվարդ Նալբանդյանի և Պանամայի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգայի հանդիպման ընթացքում շարունակվել են անցյալ տարվա սեպտեմբերին Նյու-Յորքում մեկնարկած քննարկումները երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Այս համատեքստում նախարար Ֆաբրեգան ողջունելով հայաստանցի գործընկերոջ այցելությունը Պանամա՝ նշել է, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը։

Նախարար Նալբանդյանն ասել է, որ թեև Հայաստանին և Պանամային բաժանում են հազարավոր կիլոմետրեր, սակայն երկրները համակարծիք են միջազգային շատ հարցերի շուրջ, ինչը լավ հիմք է հանդիսանում տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացման համար։

Երկուստեք կարևորվել են բարձրաստիճան այցերի կազմակերպումը, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորման, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, անհրաժեշտությունը, շեշտվել է, որ մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրումը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնման։

Ֆերնանդո Ֆաբրեգան Էդվարդ Նալբանդյանին է ներկայացրել Պանամայի ջրանցքի ընդարձակման նպատակով իրականացվող աշխատանքները։

Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվել է Պանամայի ազգային ժողովում, որտեղ կայացել է Պանամայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դալիա Բերնալի հետ հանդիպումը, որին մասնակցում էր նաև փոխարտգործնախարար Մայրա Արոսեմենան։

Պանամայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է իր կողմից ղեկավարվող հանձնաժողովի գործունեությունը, այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Պանամայի խորհրդարանի կողմից իրականացվող աշխատանքները։

Դալիա Բերնալին ողջունել է Էդվարդ Նալբանդյանի առաջարկությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ՝ շեշտելով, որ դա կօժանդակի միջխորհրդարանական կապերի և այդ ճանապարհով նաև միջպետական հարաբերությունների զարգացմանը։

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։