Վարչապետն անընդհատ ասում է, որ ինքը Կիպրոսում չի եղել, բայց մենք երբեւէ ասե՞լ ենք, թե վարչապետը եղել է Կիպրոսում, կամ ի՞նչ նշանակություն ունի նրա՝ Կիպրոսում լինել-չլինելը, մյուս բաժնետեր Նավասարդ Կճոյանն էլ եղել է Կիպրոսում, դրանից ինչ- որ բան փոխվո՞ւմ է,-այս մասին գրում է Հետքը:
Վարչապետը եւ նրա թիմակիցները անընդհատ «Հետքին» ուզում են տեղափոխել իրենց քաղաքական խարդավանքերի դաշտը: Մի ժամանակ Հովիկ Աբրահամյանի հետ փորձեցին կապել մեզ, հետո էլ՝ Վարդան Օսկանյանի հետ: Ես մի անգամ էլ եմ ասում, որ դրանք զուր ջանքեր են, մենք քաղաքական խաղերի մեջ չկանք: Մեզ չեն հետաքրքրում վարչապետի հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի, դաշնակցականների, մնացած օլիգարխների, այս կամ այն խմբագրի, լրագրողների հետ: Դա ձեր խաղն է, խաղացեք՝ ինչպես եւ ինչքան ուզում եք, խաղընկեր դարձրեք ում ուզում եք:
«Ես հանդիսացել եմ Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավորը, ատենապետը հանդիսանում է Տիգրան Սարգսյանը, իսկ թեմի առաջնորդը՝ սրբազան Կճոյանը: Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը՝ WLISPERA HOLDINGS LIMITED: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ նրա համար, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»: Այս տողերի հեղինակը ադամանդագործ Աշոտ Սուքիասյանն է: Այս մասին Ա. Սուքիասյանը նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ «Հետքի» գրած նամակում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ (Սամվել) Կճոյանը եւ Աշոտ Սուքիսայանը մոտ հարաբերություններ ունեին: Նրանք պարբերաբար հանդիպումեր էին ունենում Աշոտ Սուքիասյանի առանձանատը, որը գտնվում է Արարատյան թեմի առաջնորդարանի հարեւանությամբ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հետքի» հրապարակումից հետո հայտարարեց, որ ինքը կապ չունի այդ ընկերության հետ, նույնը հայտարարեց Ն. Կճոյանը: Նրանք հայտարարեցին նաեւ, որ չգիտեն՝ ինչպես են իրենց անունները հայտնվել WLISPERA HOLDINGS LIMITED ընկերության բաժնետերերի մեջ: Եվ ոստիկանությունը արդեն ամիսներ շարունակ փորձում է պարզել՝ արդյոք Կիպրոսի ռեգիստրի փաստաթղթերում առկա՞ է Տիգրան Սարգսյանի ստորագրությունը, թե՞ ոչ: Փորձաքննությունը չստացվեց, քանի որ նրանք բնօրինակներն են պահանջում, եւ Հայաստանի դատախազությունը դիմել է Կիպրոսի դատախազությանը, որպեսզի վերջինս բնօրինակներն առգրավվի եւ ուղարկի Հայաստան: Կարելի է ենթադրել, որ նման բան չի լինելու, քանի որ Կիպրոսի եւ Հայաստանի դատախազությունների միջեւ ստորագրվելէ ընդամենը մի հուշագիր, որը կարծես թե ոչ մի իրավական ուժ չունի: Այսինքն, ըստ այդ հուշագրի՝ Կիպրոսի դատախազությունը որեւէ պարտավորություն չունի այդ գործողությունը կատարելու: Առայսօր չեն հարցաքննվել ո՛չ Տիգրան Սարգսյանը, ո՛չ Նավասարդ Կճոյանը: Վերջինս երկու անգամ եղել է Կիպրոսում հենց Աշոտ Սուքիասյանի հետ (Նավասարդ Կճոյանը հայտարարել է, որ մի անգամ է եղել Կիպրոսում Աշոտ Սուքիասյանի հետ): Մենք պնդում ենք երկու հանդիպումը: Դա ապացուցելու համար ոստիկանությանը մի քանի րոպե է անհրաժեշտ: Բայց քանի որ չկա քաղաքական որոշում, ոստիկանությունը չի անելու:
Չգիտես ինչու՝ թե՛ ոստիկանությունը, թե՛ վարչապետը, թե՛ Կճոյանը, թե՛ Աշոտ Սուքիասյանը խոսում են Կիպրոսում գրանցված միայն մեկ՝ WLISPERA HOLDINGS LIMITED ընկերության մասին: Մինչդեռ խոսքը երկու ընկերությունների մասին է, ընդ որում՝ հիմնական գործարքները կատարվել են երկրորդ ընկերության «A.B.S. GLOBAL LIMITED»-ի միջոցով: Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացված վարկային գումարից Աշոտ Սուքիասյանը 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ում օֆշորային երեք ընկերությունների հաշվեհամարներին: Այդ ընկերություններն են`
«A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին` 7 մլն 20 հազար 450 դոլար,
«WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար,
«STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:
Շարունակությունը կարող եք կարդալ՝ այստեղ


