ԱԺ չորս ուժեր ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» միավորման դեպքում շատ կարևոր է, թե նրանք որքանով են անկեղծ, քանի որ իրենք կենսագրություններով տարբեր ուժեր են: Անդրադառնալով չորս ուժերի միավորմանը, YerevanNews.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը, հավելելով, որ, եթե միավորման նպատակը Հայաստանին բարիք բերելն է` շատ մեծ բան կարող են անել:
Հիշեցնենք, որ խորհրդարանական 4 խմբակցություններ` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», համատեղ խորհրդակցություն են անցկացրել և որոշել հանդես գալ համատեղ ուժերով:
Անդրադառնալով միավորման առջև ծառացած խնդիրներին, նա նշեց, որ ԱԺ-ում, նրանք մեծամասնություն չեն կազմում, որպեսզի ազդեն քվեարկության արդյունքների վրա, այդ պատճառով, քաղաքագետի խոսքերով, պետք է աշխատանք տարվի հանրային սեկտորի ուղղությամբ:
«Եթե միավորվեն հանրային սեկտորում, կարող են մեծ արդյունքների հասնել: Հանրապետականների կամայականությունների դեմը կարող են առնել: Ուղղակի դա դժվար և տևական պայքար է պահանջում»,- նշեց նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ ծրագրեր պետք է մշակել, Շիրինյանը նշեց, որ իրենք պետք է սոցիալական խնդիրների լուծումը առաջին պլան մղեն, որպեսզի ձեռք բերեն ժողովրդի վստահությունը:
«Հստակ պետք է հայտարարեն, որ, եթե Հայաստանում արտագաղթը չկասեցվի` համազգային աղետը երկու քայլից հետո է: Էդպես հարցերը դնեն և հենվեն քաղաքացիական սեկտորի վրա: Այդ կերպ օլիգարխիային կարող են մի անկյուն քշել: Հանրապետականը ուզի-չուզի կամ պետք է հայտարարի, որ ինքը օլիգարխիայի հետ է, ոչ թե պետականության, կամ էլ պետք է զիջումների գնա», - նշեց նա, հավելելով, որ կարծում է, թե զիջումների պետք է գնան:
Նա հույս հայտնեց, որ այդ կերպ Հայաստանը կդառնա իրավական երկիր: