Ես Քոչարյանի մասին բավականին մեծ կարծիք եմ ունեցել, որպես պետականության կրողի, բայց այս վերջին հարցազրույցը ցույց տվեց, որ նա խմբային շահերի ներկայացուցիչ է: Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, YerevanNews.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը, հավելելով, որ այդ հայտարարությամբ, նա պետականության մակարդակը չպահեց:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը տարեվերջին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ քննադատության ենթարկեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Նրա խոսքերով, ավելի լավ կլիներ, որ Քոչարյանն այս համազգային աղետի օրերին այնպիսի հարցեր բարձրացներ, որ պետությունը հզորացներ և պետության հարցերը լուծեր, այլ ոչ թե` անձնական վիրավորանքից դրդված պատասխաներ վարչապետին:
«Ինքը գիտի, որ նաև իր ստեղծած պետության մեջ գլխավոր դերակատարը վարչապետը չէ: Եթե հարցեր ունի պարզելու, ինքը պետք է նախագահի հետ պարզի: Եվ, վերջիվերջո իր կադրերից է Տիգրան Սարգսյանը», - նշեց նա:
Խոսելով արդեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանի մասին, նա այն կոռեկտ և չափավոր գնահատեց:
Անդրադառնալով արդեն Քոչարյանի հնարավոր վերադարձին, նա նշեց. «Ես որ միշտ ուզեցել եմ իր վերադարձը, այդ հայտարարությունից հետո չեմ ուզում վերադառնա: Ես կարծում եմ իր այդ հայտարարությունը իրենից շատ բան տարավ»: