Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա անվանի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վաղաժամ մահվան մասին:

Աշխարհի լավագույն կոնսերվատորիաներում ուսանած Արամ Ղարաբեկյանը դրսեւորվեց որպես բարձրակարգ եւ ինքնատիպ նվագավար, արժանացավ բազմաթիվ միջազգային մրցանակների՝ զարգացնելով նաեւ հայրենի երաժշտարվեստը:

Խորին ցավակցություն եմ հայտնում Արամ Ղարաբեկյանի հարազատներին, գործընկերներին եւ մերձավորներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: