ԱՊԱ լրատվական գործակալությունը այսօր տեղեկացրեց ադրբեջանական բանակի այս տարվա հերթական ինքնասպանության մասին, սա մահվան ելքով թվով չորրորդ միջադեպն է:
Այսօրվա լրահոսից էր նաև, իրենց բանակի սննդակարգի փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը: Բանակային վատ լուրերին դրական գունավորում տալու նպատակով ասվում էր, որ արդեն նույնիսկ հաշվարկներ են կատարվում այն բարելավելու ուղղությամբ: Հետաքրքիրն այն է, որ սննդակարգը Ադրբեջանի զինված ուժերում փոփոխության չի ենթարկվել 1992 թվականից` գրեթե այնքան ժամանակ, ինչքան պաշտպանության նախարար էր Սաֆար Աբիևը: Փաստորեն, եթե նախարարը չփոխվեր, ապա` սննդակարգն էլ կմնար անփոփոխ:
Հավելեմ նաև, որ նշված էր ամեն օր զինծառայողներին ձու, պանիր և ջեմ տալու մասին (առայժմ իրենք տալիս են շաբաթը մեկ ձու): Համեմատության համար նշեմ, որ հայկական բանակում ժամկետային զինծառայողներին տրվող սննդի N1 չափաքանակով շաբաթական տրվում է 4 ձու, օրական 20 գրամ պանիր և նույնքան խտացրած կաթ (ջեմ) որը գործում է 15 տարուց ավել, ավելի ստույգ 1997 թվականից:
Սոված անվանել ազերի զինվորներին չենք կարող, բայց օրական համապատասխան կալորիաներով (հաց, ցորեն, միս) ստամոքսը լցնելը չի նշանակում որակյալ սննդակարգի ապահովում: Իսկ սահմանամերձ զորամասերում, որտեղ սոված չլինելը շատ կարևոր է, ինչը կարող է անգամ ազդել զինվորի հոգեկան հավասարակշռության վրա, այնպես որ Ադրբեջանի զինված ուժերի մտածողները ճիշտ ուղղու վրա են, բայց հուշել է պետք, որ ամենօրյա ձվի օգտագործումը ամենևին էլ օգտակար չէ:
Դավիթ Սոֆիյան