YerevanNews.am-ը Քոչարյան-Սարգսյան հեռակա հակամարտության մասին զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ:

-  Պարոն Հարությունյան, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը Քոչարյան-Սարգսյան հեռակա հակամարտության մասին:

- Ինքս ողջունում եմ բանավեճը, որովհետև ցանկացած տնտեսական քաղաքականության շուրջ ցանկացած տեսակետների քննարկում օգտակար է: Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ է ճանաչում Տիգրան Սարգսյանին և լավ գիտի նրա որակները և Տիգրան Սարգսյանն է ճանաչում Քոչարյանին: Միակ բանը, որ նման բանավեճը պետք է զերծ պահել անձնավորված պիտակավորումից: Դրանից բանավեճի մակարդակը կամ հանրային կարևորությունը մի քիչ նվազում է:

- Շատ քաղաքագետներ նշում են, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո վերջինիս մասին դրական վերաբերմունքը նվազել է: Արդյո՞ք Ձեզ մոտ էլ է այդ վերաբերմունքը:

- Այդպիսի բանավեճերը ցույց են տալիս, որ դրանք կարող են հանրային նշանակություն ունենալ միայն այն դեպքում, եթե զերծ են մնում պիտակավորումներից:

- Արդյո՞ք ճիշտ և տեղին եք համարում Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը վարչապետի հասցեին, երբ որ վերջինս հանդիսանում է իր կադրը:

- Թե Քոչարյանն է շատ լավ ճանաչում Տիգրան Սարգսյանին նրա մարդկային որակներով և թե հակառակը, և այստեղ մեկնաբանություններից ես զերծ կմնամ:

- Իսկ հնարավոր համարում ե՞ք Քոչարյանի վերադարձն արդեն վարչապետի պաշտոնում:

- Ոչ մի բան պետք չէ բացառել, բայց կարծում եմ հանրապետության երկրորդ նախագահը մեծ քաղաքականություն վերադառնալու իր հայտը ներկայացնում է և ակամայից սկսում ես մտածել, որ 2017 թվականի ընտրությունների մեկնարկը մի մասով արդեն հայտարարված է: Ես այդպես եմ մտածում: Իսկ թե ինչպիսին կլինեն իրադարձությունները, ժամանակը ցույց կտա: Պետք չէ արագացնել բնականոն իրադարձությունների ընթացքը: