ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ քիչ թերություններ չեն եղել: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Քոչարյան-Սարգսյան հեռահար հակամարտությանը, այս մասին նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

«Արդեն տասնվեց տարի է Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իշխում են, ի՞նչ լավ բան են արել, օր օրի ժողովրդի վիճակը վատանում է, երկրի պարտքը մեծանում է, գները բարձրանում են», - նշեց նա:

Անդրադառնալով երկրորդ նախագահի՝ մեծ քաղաքականություն հնարավոր վերադարձին, բանախոսը նշեց, որ բացառում է դա: «Ինքը ցանկանում է վերադառնալ, բայց ես բացառում եմ դա: Ինչո՞վ պետք է վերադառնա Քոչարյանը քաղաքականություն: Եթե, օրինակ, պաշտոն ստանա՝ նոր լուրջ կդառնա, սակայն հիմա հնարավոր չեմ համարում, քանի որ դրա համար չկան նպաստավոր պայմաններ», - նշեց նա:

Նա նաև հավանական չի համարում, թե Քոչարյանը կարող է դառնալ չորս ոչ կոալիցիոն ուժերի առաջնորդը: «Կարծում եմ նրանք դա թույլ չեն տա: Դա անհաջողության մատնվող նախաձեռնություն կլինի, սակայն պետք է նշել, որ այդ չորս ուժերը տարբեր նպատակներ ունեն: Սակայն պետք չէ մոռանալ, որ օրինակ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն Քոչարյանի հետ նախկինում համագործակցել են», - պարզաբանեց նա:

Անդրադառնալով հնարավոր վտանգներին, Գիմիշյանը նշեց, որ իր համար ավելի վտանգավոր կլինի, եթե Քոչարյանն իր փոխարեն մեկ այլ նեյտրալ անձ ներկայացնի, հետո պարզվի, որ նա իրեն է ներկայացնում:

«Նման վտանգներ տեսնում եմ, բայց փոքր քանակով: Շատերս մոռացել ենք, որ ԲՀԿ-ն միշտ էլ Քոչարյանին ներկայացնող ուժ է եղել: Նույնիսկ վերջերս նա ուժեղ ընդդիմություն դարձավ, կարողացավ խաբել ժողովրդին, չպետք է մոռանալ ԲՀԿ-ի ու Քոչարյանի սերտ կապը: ՀԻմա հնարավոր է ինչ –որ մեկին էլ առաջ տանեն, սակայն մենք դա չհասկացանք», - նշեց նա