Վերջին օրերի առատ ձյան հետեւանքով ավտոճանապարհների անցանելիությունը, ճանշինների աշխատանքը տեղում ստուգելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելել է Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ յուրաքանչյուր մարզում ճանշինների ղեկավարները նախարարին զեկուցեցին իրենց կողմից սպասարկվող ճանապարհների մաքրման աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների եւ դժվարությունների մասին:
‹‹Աղ ու ավազի, համապատասխան տեխնիկայի եւ անհրաժեշտ աշխատուժի խնդիր չկա››,- նշել են նրանք, ապա նաեւ հավելվեցին, որ հարկ եղած դեպքում էլ աշխատում են հագեցած գրաֆիկով, մի քանի հերթափոխով եւ անում են հնարավորինը, որպեսզի ձյան առատ տեղումներից ընդամենը ժամեր անց բոլոր ճանապարհները լինեն մաքուր եւ անցանելի:
Ճանապարհի երթեւեկելի հատվածների անցանելիությունը լիարժեք ապահովելուց հետո , ճանշինների աշխատակիցները ձեռնամուխ էին եղել կողնակների մաքրման եւ ճանապարհների երթեւեկելի մասի լայնացման աշխատանքներին:
Նշված մարզերի ավտոճանապարհները լիովին երթեւեկելի են, չկա որեւէ խոչընդոտ վարորդների անվտանգ երթեւեկն ապահովելու համար, ինչն անշուշտ, ճանշինների բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի արդյունք է:
Գագիկ Բեգլարյանը ընդհանուր առմամբ գոհ էր ավտոճանապարհների վիճակից, կատարված աշխատանքներից։ Նախարարը կարեւորեց, որ ավելորդ խնդիրներից խուսափելու համար ճանշինները ժամանակին կատարեն աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքները, որպեսզի ավտոճանապարհները մաքուր եւ անցանելի լինեն ողջ ձմռան ընթացքում:
Մանրամասները՝ տեսանյութում: