Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն անցյալ տարվա ընթացքում ունեցել է չորս գերակա ուղղություններ, որոնք կատարվել են սահմանված ժամկետներում: Այս մասին այսօր կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, ամփոփելով կոմիտեի 2013 թվականի գործունեությունը, հայտնեց կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը:

Առաջին գերակա խնդիրը Մուսայանի խոսքերով, գույքահարկի և հողի հարկի 2014-2016թթ. Հարկման բազաների ձևավորումն է, և հուլիսի մեկի դրությամբ հաշվառված ու գնահատված հողամասերի ամփոփ ցուցակները տրամադրվել են համայնքներին:
«Աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից տարվա ընթացքում իրականացվել է շուրջ 190.690 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմափակումների պետական գրանցում», - նշեց նա:

Անդրադառնալով անցյալ տարվա ընթացքում անշարժ գույքի ոլորտում տեղի ունեցած գործարքներին և բնակարանների ձեռք բերման շարժին, կոմիտեի նախագահի տեղակալը նշեց, որ այդ ուղղությամբ վերջնական ամփոփ տվյալները պատրաստ կլինեն միայն հունվարի 25-ից հետո միայն, սակայն, միաժամանակ, կարողացավ նշել, որ անշարժ գույքի գների կտրուկ փոփոխություն ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում չեն եղել:

Նա նաև հավելելեց, որ դրա հետ մեկտեղ նկատվել է ակտիվության նվազում:
Լրագրողները նաև փորձեցին ճշտել, թե ինչ ազդեցություն է ունեցել ոլորտի վրա սիրիահայերի ներհոսքը Հայաստան, ինչին ի պատասխան նա նշեց. «Սիրիահայերը սեփականության իրավունքով հիմնականում գույք չեն վերցնում, հիմնականում վարձակալությամբ են վերցնում և դա էական ազդեցություն չէր կարող ունենալ անշարժ գույքի ոլորտում»: