ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Mediamax.am-ի խնդրանքով մեկնաբանել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հարցազրույցը, որում նա ասել էր, որ երկրորդ նախագահը Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի «հիմնադիր հայրն է»:
Վիկտոր Սողոմոնյանը Mediamax.am-ին ասել է. «Ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք ոչ թե կամավոր, այլ պարտադիր կուտակային հարցազրույցի հետ:
Ցավոք, դրանից բխում է, որ նախարարը չգիտի, թե ինչ տարբերություն կա պարտադիր և կամավոր կուտակային ապահովագրության միջև, ինչպես նաև չի պատկերացնում սերունդների համերաշխության սկզբունքի էությունը:
Բացատրեմ նախարարին, որ կամավորը՝ դա երբ քաղաքացին ինքն է որոշում. ընդգրկվել կուտակային համակարգում, թե ոչ: Պարտադիրը՝ երբ օրենքը պարտադրում է ընդգրկումը: Նախարարի հիշատակած որոշումներով կառավարությունն ըստ էության ասում էր, որ ցանկացողները կարող են կամավորության սկզբունքով ընդգրկվել կուտակային ապահովագրության համակարգում, սակայն որևէ գործուն մեխանիզմ դրա համար չէր ստեղծվել: Հանրապետությունում շարունակում էր գործել պարտադիր, բայց ոչ կուտակային կենսաթոշակային ապահովագրությունը (վերոնշյալ սկզբունքով. պարտադիր սոցիալական վճարումների միջոցով մի սերունդը վճարում է մյուս սերնդի թոշակները)»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ