Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն երկու օր է չեն դադարում երեկ զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանին վերաբերող գրառումները: Ներկայացնում ենք դրանցից երկուսը:

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. 

«Սիրելի Արմեն։

Այն պահին, երբ Դու խրամատում հրոսակների դեմ պայքարում կյանքի գնով Հայրենիքդ էիր պաշտպանում, իմ նորածին բալիկը հանգիստ քնած էր իր օրորոցում։ Քո երիտասարդ կյանքը զոհելով՝ Դու իմ բալիկի կյանքն էիր փրկում։ Ինչպես ասեմ Քեզ, որ ես ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՔԵԶԱՆԻՑ։ Երբ իմ բալիկը մեծանա, ես անպայման կպատմեմ նրան Քո մասին։ Նրա պես իրենց օրորոցում քնած այսօրվա բալիկները այցի կգան Քո շիրիմին։ Դու ուժեղ ես և շատ հզոր։ Քո ուժն է դառնում մեզ ոգեշնչող։ ՓԱՌՔ ՔՈ ՍԽՐԱՆՔԻՆ, ԼՈՒՅՍ ՔՈ ՇԻՐԻՄԻՆ։ Դու ծննդյան օրից արդեն իսկ կրում ես ՔՈ երկրի անունը՝ ԱՐՄԵՆ։ Մենք հիշելու ենք Քեզ մեր պետական օրհներգը ամեն անգամ երգելու պահին.

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։

Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը գրում է.

«Արմեն Հովհաննիսյան.

Հայորդի, ով իր կյանքը չխնայեց հանուն մեզ և մեր Հայրենիքի: Խորին ցավակցությունս եմ հայտնում հերոս նահատակի ընտանիքի անդամներին, ընկերներին և բոլոր մտերիմներին: Պետք է հպարտանանք, որ մեր բանակը համալրված է Արմենի նման հերոսներով, ովքեր խիզախ ու վճռական են հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելության ժամանակ և արյան մինչև վերջին կաթիլը պատրաստ են տալու հանուն մեր երկրի:

Ազերի դիվերսանտներն ընդամենը բորենիներ էին, որոնք փորձեցին հարձակում գործել մեր անսասանության վրա և ականատեսը դարձան մեր հզորության, կամքի, ոգու հզորությանն ու բազկի ուժին: Արմենը հայրենասերի փառահեղ օրինակ է և յուրաքանչյուր երիտասարդի համար հերոսի իրական կերպար:

Բանակն այն օջախն է, որը կերտում է հայրենիքի իրական պաշտպանների և այս ենթատեքստում առավել քան անթույլատրելի է բանակից խուսափող այն գործիչների տեսակը, ովքեր չծառայելով Հայաստանի Հանրապետությանը՝ խոսում են հայրենիքի շահերից և ավելին՝ արժանանում շքանշանների»: