Ադրբեջանական օրացույցում կան օրեր, որոնք առավել վտանգավոր են ղարաբաղա-ադրբեջանական սահմանի համար. այդ օրերից մեկը հունվարի 20-ն էր կամ «սև հունվարը»: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքերով, ադրբեջանական կողմի նման ագրեսիան պայմանավորված է նաև պաշտպանության նախարարի փոփոխությամբ:
«Վերջինս պրոֆեսիոնալ ոստիկան է եղել և սահմանին կատարվող գործողությունները վարում է Իլհամ Ալիևի աչքին բարձրանալու և ինքնահաստատվելու համար: Բացի այդ, ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքը պետք է բացատրել առաջիկայում կայանալիք՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմամբ»,- նշեց քաղաքագետը:
Մելիք-Շահնազարյանը հղում անելով իր աղբյուրներին, նշեց, որ հակառակորդի վերջին դիվերսիայի ընթացքում զոհվել է 7, վիրավորվել 20-30 ադրբեջանցի:
«Մարտակերտի շրջանում՝ չեզոք գոտում, հունվարի 20-ից առ այսօր ադրբեջանցի երկու զինվորի դի է մնացել: Իրենք չեն համարձակվում տանել այդ դիակները, մեզ էլ դրանք 100 տարի պետք չեն», - նշեց նա:
Քաղաքագետի խոսքերով, հայկական բանակն իր սպառազինությամն չի զիջում ադրբեջանականին և դա քաջ գիտակցելով Ադրբեջանը չի սկսում թեկուզև կարճատև պատերազմ:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի էին ունեցել ադրբեջանական դիվերսիոն գործողություններ, որոնց արդյունքում զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: