Մանկական մահացության դեպքերն անցյալ տարվա ընթացքում ավելի քիչ են եղել, քան նախորդ տարիներին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, հավելելով, որ անցյալ տարվա ցուցանիշը երկու անգամ պակաս է քան ԱՊՀ երկրներում, բայց երկու անգամ ավել՝ քան Եվրամիության երկրներում:

«Մոր մահացության ցուցանիշներում նույնպես դրական տեղաշարժ կա», - նշեց նա:

Նախարարի խոսքերով, ՀՀ մարզերում գործող 51 ծննդօգնության ստացիոնար բժշկական կազմակերպություններից 47-ը միավորված են տարածաշրջանի բժշկական կենտրոնների հետ և իրականացնում են մանկաբարձագինեկոլոգիական արտահիվանդանոցային բուժօգնության, իսկ մարզային չորս կենտրոնում արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնությունն իրականացվում է պոլիկլինիկաների միջոցով:

«Կանոնակարգվել են մարզերից Երևանի ծննդատներ հղիների ուղեգրումները: Արդյունքում, գրեթե քսանհինգ տոկոսով կրճատվել է մարզերից մայրաքաղաքում ծննդաբերածների թիվը», - հայտնեց նա: