Գուրգեն Եղիազարյանն այն կարծիքին չէ, թե Վարդան Ղուկասյանի որդու և Սամվել Բալասանյանի հետ կապված դեպքերին չպետք է կարևորություն տալ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշելով այս մասին, նա հավելեց.
«Ես այդ կարծիքին չեմ, քանի որ խոսքը չի գնում շարքային երկու խուլիգանների մասին: Խոսքը գնում է անցյալ և ներկա քաղաքապետերի մասին: Եթե սա պետություն է, ապա ոչ մեկին իրավունք չի վերապահված ասել, որ այս տղայական հարցրեը կլուծվի: Դրա համար կա օրենք», - նշեց նա:
Միաժամանակ, Եղիազարյանի խոսքերով, չպետք է կարևորություն տալ կոնկրետ Վարդան Ղուկասյանի որդուն:
«Սպարտակ էր չէ՞ անունը: Որ խոսենք Սպարտակն ինչ եղավ, ուր ջանդամվեց, ուր մտավ, ինչ արեց», - նշեց նա, հավելելով, որ Գյումրին բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք պետք է լուծել:
Նա նշեց, որ Վարդան Ղուկասյան-Սամվել Բալասանյան հակամարտությունը արմատներ ունի և այդ կոնֆլիկտը վերջ չի ունենա: Այստեղ խոսակցությանը միացավ նաև ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և տեղի ունեցավ փոքրիկ երկխոսություն:
Գուրգեն Եղիազարյան. -Վարդան Ղուկասյանը սիմվոլիկ գնով գարեջրի գործարանը տվել է Բալասանյանին: Այդ հողի վրա է սկսվել կոնֆլիկտը և վերջ չի ունենա:
Սուքիաս Ավետիսյան -Տվել, է, լավ է արել, նա էլ սարքել է:
Գուրգեն Եղիազարյան. Իրենց տվածն իրենց գլխին կպնի:


