Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից իրականացվող, Հայաստանի Հանրապետության զբաղվածության ոլորտին վերաբերող վերլուծություններում և համապատասխան զեկույցներում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) կողմից հրապարակված գործազրկության մակարդակի ցուցանիշը, որի հաշվարկման հիմքում դրված է ԱՄԿ կողմից առաջարկվող մեթոդաբանությունը:

Այս առումով հատկանշական է այն հանգամանքը, որ ինչպես միջազգային մասնագիտացված տարբեր կազմակերպությունների, այնպես էլ ԱՄԿ կողմից` հաշվարկման որոշակի բանաձևերի, մոդուլների ու մեթոդների կիրառմամբ կատարվում են տարբեր երկրների գործազրկության մակարդակների կանխատեսումներ, համեմատական վերլուծություններ և գնահատումներ, որոնց ցուցանիշները հրապարակվում և որոշակի պարբերականությամբ թարմացվում են:

Ավելին, գործազրկության մակարդակի կանխատեսման որոշակի մոդուլ և համապատասխան մեթոդ կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, որի արդյունքները օգտագործվում են զբաղվածության պետական կարգավորման ամենամյա պետական ծրագրի, միջնաժամկետ և ռազմավարական ծրագրերի մշակման շրջանակներում:

Ինչ վերաբերում է վերջին օրերին գործազրկության մակարդակի վերաբերյալ որոշ ԶԼՄ-ների կողմից հրապարակումներին, որոնց համար որպես տեղեկատվական աղբյուր է բերվում ԱՄԿ «Զբաղվածության գլոբալ միտումները, 2014թ.» զեկույցը, իսկ որպես 2013թ. Հայաստանի Հանրապետության գործազրկության մակարդակ ներկայացվում է` 18.64% ցուցանիշը, ապա հարկ ենք համարում ընդգծել. այդ զեկույցի տեքստում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ բերված է միայն 2012թ. գործազրկության մակարդակի ցուցանիշը` 17.3% (http://www.ilo.org/wcmsp5/groups/public/---dgreports/---dcomm/---publ/documents/publication/wcms_233953.pdf, էջ` 44), ինչը համապատասխանում է ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակված ցուցանիշին: Ընդ որում, այս զեկույցում ներկայացվում է նաև, որ ԱՊՀ երկրների գործազրկության մակարդակների ցուցանիշները իրականում կարող են ավելի ցածր լինել` նկատի ունենալով այդ երկրներում առկա ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածության բարձր մակարդակը:

Ինչ վերաբերում է 2013թ. Հայաստանի Հանրապետության գործազրկության մակարդակի 18.64% ցուցանիշին, այն ներկայացված է ԱՄԿ կայքում տեղակայված` «Որտեղ է ամենաբարձր գործազրկության մակարդակը» վերտառությամբ տեղեկատվական քարտեզում և դրան կից աղյուսակում (http://www.ilo.org/global/research/global-reports/global-employment-trends/2014/lang--en/index.htm)` որպես վերջնական ճշգրտման ենթակա տեղեկատվություն:

Մյուս կողմից հարկ ենք համարում տեղեկացնել նաև. ԱՄԿ կայքում տեղակայված` «Որտեղ է ամենաբարձր գործազրկության մակարդակը» վերտառությամբ տեղեկատվական քարտեզում և դրան կից աղյուսակում Հայաստանի Հանրապետության 2012թ. գործազրկության մակարդակի ցուցանիշ է ներկայացված` 18.1%-ը, այն դեպքում, երբ ԱՄԿ «Զբաղվածության գլոբալ միտումները, 2014թ.» զեկույցում 2012թ. համար այդ նույն ցուցանիշը (ինչպես արդեն նշեցինք սկզբում) ներկայացված է` 17.3%:

Այսինքն, առկա է ակնհայտ անճշտություն ԱՄԿ «Զբաղվածության գլոբալ միտումները, 2014թ.» զեկույցում և ԱՄԿ կայքում տեղակայված` «Որտեղ է ամենաբարձր գործազրկության մակարդակը» վերտառությամբ տեղեկատվական քարտեզում և դրան կից աղյուսակում բերված` 2012թ. Հայաստանի Հանրապետության գործազրկության մակարդակի ցուցանիշի գծով:

Ընդ որում, ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն` Հայաստանի Հանրապետության գործազրկության մակարդակը 2013թ. երկրորդ եռամսյակում կազմել է 16.2%, երրորդ եռամսյակում կազմել է 15.4%, իսկ չորրորդ եռամսյակի ցուցանիշը դեռևս հրապարակված չէ:

Ավելացնենք նաև, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄԿ ազգային համակարգողի գրասենյակին` վերոհիշյալ ցուցանիշի գծով տեղ գտած անճշտությունը ԱՄԿ կենտրոնական գրասենյակի հետ հստակեցնելու, համապատասխանաբար ուղղելու և նախարարությանը անհրաժեշտ պարզաբանումներ տրամադրելու խնդրանքով: