Երեկ երեկոյան «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Սմբատյանը ինքնավնասման փորձ է կատարել:
Այս մասին YerevanNews.am-ին հայտնեց դատապարտյալ մայրը Ռոզա Սարդարյանը:
Վերջինս հայտնեց, որ որդին կտրել է երակները և այս պահին գտնվում է վատ վիճակում:
«Նրա կյանքին վտանգ է սպառնում: Ինձ հայտնի է դարձել, որ լիտրերով արյուն է կորցրել և հազիվ են կարողացել փրկել նրա կյանքը, բայց այս պահին նրան պահում են պատժախցում: Աստված չաներ, եթե շտապ օգնությունը մի փոքր ուշանար, պետք է մեզ հայտնեին, որ հանկարծամա՞հ է եղել»,-իր խոսքում ասաց Ռոզա Սարդարյանը:
YerevanNews.am-ը կապ հաստատեց Վանաձորի ՔԿՀ-ի օպերատիվ գծով պետի տեղակալ Մամիկոն Բրուտյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց, որ դատապարտյալ Արթուր Սմբատյանը ինքնավնասում է կատարել և այս պահին գտնվում է ոչ թե բժիշկների հսկողության տակ, այլ պատժախցում:
«Դատապարտյալը գտնվում է պատժախցում, քանի որ խախտել է քրեակատարողական հիմնարկի կանոնակարգը, ներկայացրել է անօրինական պահանջ և դիմել է ինքնավնասման: Այս պահին նրա վիճակը նորմալ է»,-ասաց Մամիկոն Բրուտյանը:
Հարցին, թե ո՞րն է դատապարտյալի անօրինական պահանջը և ի՞նչ կանոնակարգ է խախտել, Մամիկոն Բրուտյանն ասաց.
«Դատապարտյալ Արթուր Սմբատյանը պահանջում է, որ իրեն տեղափոխենք այլ քրեակատարողական հիմնարկ, մենք համապատասխան նամակ ենք գրել նրա պահանջի հետ կապված, բայց այս պահին դեռ չունենք պատասխանը: Իսկ կանոնակարգի խախտումն այն է, որ դատապարտյալը ինքնավնասման է դիմել»:
Ավելի վաղ YerevanNews.am-ը հայտնել էր, որ դատապարտյալին անակնկալ ձևով «Հրազդան» ՔԿՀ-ից տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ, իսկ դատապարտյալը հոգեկան խնդիրներ ունի և պարտավոր է գտնվել բժիշկների հսկողության տակ: Բայց պարզվում է, որ «Վանաձոր» ՔԿՀ-ն չունի համապատասխան բուժանձնակազմ և դատապարտյալին չեն կարող համապատասխան օգնություն ցուցաբերել: Այդ իսկ պատճառով էլ դատապարտյալ պահանջել է իրեն տեղափոխել մեկ այլ ՔԿՀ, որտեղ ինքը կարող է բուժօգնություն ստանալ:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք դատապարտյալն այս պահին բժիշկների հսկողության կարիք չունի, Մամիկոն Բրուտյանն ասաց, որ դրա կարիքը չկա, քանի որ երեկ երեկոյան բժիշկները համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել և իր առողջական վիճակը թույլ է տալիս մնալ պատժախցում:
YerevanNews.am-ը կապ հաստատեց նաև ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանի հետ, ով հայտնեց նույն Մամիկոն Բրուտյանի խոսքերը:
Մեր այն հարցին, եթե դատապարտյալն իսկապես գտնվում է նորմալ վիճակում և նրա կյանքին վտանգ չի սպառնում, ապա ծնողը կարո՞ղ է տեսակցել նրան, Գոռ Ղլեչյանն ասաց.
«Ոչ, չի կարող, քանի որ դատապարտյալը գտնվում է պատժախցում և նրան տեսակցելն արգելվում է»: