Այսօր ԱԺ հիմնական զեկուցող ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հարց ուղղեց ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով անդրադարձավ մի քանի որոլտների բացթողումներին: Մասնավորապես նա անդրադարձավ հավկիթի շուկային, նշելով որ արտահանող երկրից մենք դարձել ենք ներկրող երկիր և փորձեց Շաբոյանից լսել հավկիթի շուկայում տիրող իրավիճակի պատճառները:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքերով, հավկիթի ներկրման համար կան օբյեկտիվ պատճառներ, որոնցից մեկը ներկրվող կերն է:

«Կերը ներկրվում է Ուկրաինայից, շատ դեպքերում ամբողջովին ներմուծումն առավել շահեկան է դառնում, այդ պատճառով էլ եղել են դեպքեր, որ Ուկրաինայից հավկիթ է ներմուծվել», - նշեց նա, հավելելով, որ մենք պետք է ուշադիր լինենք, որ արդար մրցակցություն լինի, որպեսզի դրսից ներմուծված հավկիթը որպես տեղական չներկայացնեն և սպառողը հստակ իմանա, թե որն է տեղականը, որը ներկրածը:

Ի պատասխան, Արծվիկ Մինասյանը նշեց, որ մեր երկրում ամեն ինչի մենաշնորհը պատկանում է Կառավարությանը և նրանք են որոշում մրցույթների անցկացումն ու հաղթողներին:

«Եթե ուզում եք շահավետ բիզնես՝ հարաբերությունների մեջ մտեք պետական մարմինների հետ և կշահեք մրցույթները», - նշեց Մինասյանը՝ խոստանալով իր ելույթում առավել մանրամասն անդրադառնալ այս խնդրին և մրցակցությանն առհասարակ: