Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Վոլինի» դեմ խաղից (4:1) հետո հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին:
- Հենրի'խ, շատ մասնագետներ «Շախտյորի» համար հեշտ հաղթանակ էին կանխորոշում: Համաձա՞յն եք, որ այդպես էր:
- Չեմ համաձայնվի, որովհետև մենք լավ էինք հասկանում, որ մրցակիցը կպայքարի, կփորձի խնդիրներ ստեղծել մեզ համար: Այդպես էլ ստացվեց: Մենք կարողացնք երկու արագ գոլ խփել ու արդեն 15-րդ րոպեին առջևում էինք 2:0 հաշվով: Սակայն հետո թիմը թուլացրեց: Մենք սկսեցինք հանգիստ խաղալ, երկրորդ կեսի սկզբում գոլ բաց թողեցինք: Լավ է, որ կրկին կարողացանք հավաքվել ու ևս երկու գոլ խփեցինք` հասցնելով գործը հաղթական ավարտի:
- Բաց թողած գոլը «Շախտյորին» ստիպեց ավելի ագրեսիվ խաղալ, թե՞ անհանգստություն բերեց: Չէ որ հաշիվը բավականին վտանգավոր էր:
- Այո, գոլից հետո ավելի վտանգավոր էր: Բոլորն էլ հասկանում էին, որ սխալվելու իրավունք չունենք: Մենք ուզում էինք շուտ գոլ խփել, որպեսզի հանգստացնենք խաղը:
- Երբ խաղից առաջ վերլուծում էիք «Վոլինի» խաղը, ի՞նչ գործողությունների էիք սպասում Լուցկի թիմից խաղադաշտում:
- Ինչ-որ տեղ այսպիսի ֆուտբոլ «Վոլինից» չէինք սպասում: Մեզ լավ թիմ էր դիմակայում, նրանք պայքարում էին, փորձում էին խաղալ հաղթանակի համար, այլ ոչ թե պարզապես պաշտպանվել:
- Այնուամենայնիվ, կարելի՞ է ասել, որ խաղասկզբում խփված երկու գոլերը որոշիչ եղան:
- Համաձայն եմ: Թերևս կարիք չկար այդքան շուտ խփել երկրորդ գոլը, որպեզի թիմը կենտրոնացած խաղար: Սակայն, կարծում եմ, ամեն ինչ լավ ավարտվեց:
Աղբյուր`ArmFootball.com: