Գազի թանկ լինելու թեման շարունակում է ակտիվորեն քննարկվել խորհրդարանում: Այսօր էլ այդ հարցին անդրադարձավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ով փորձում էր բացատրել, թե ինչու է գազը Հայստանում թանկ:

«Գազամատակարարման համակարգը բաղկացած է բարձր, միջին և ցածր ճնշման գազատարներից, որոնց շահագործումը և սպասարկումը պահանջում է իրարից զգալիորեն տարբերվող ծախսեր: Ի տարբերություն խոշոր սպառողների՝ բնակիչները հանդիսանում են գազամատակարարման վերջին օղակի սպառողներ, և նրանց գազամատակարարումը պահանջում է ավելի մեծ ծախսեր և ավելի շատ ներդրումներ»,- պարզաբանեց նա:

Նա նշեց, որ պատգամավորները հորդորում են ցույց տալ մի երկիր, որտեղ բնակչությանը մատակարարվող գազի գինը սահմանին սահմանված գնից գրեթե կրկնակի թանկ է:

«Սիրով կթվարկեմ այն երկրները, որտեղ գազը կրկնակի թանկ է՝ Դանիա, Շվեդիա, Իտալա, Նիդերլանդներ, Լիտվա, Ավստրիա, Սլովենիա, Էստոնիա, Գերմանիա, Լատվիա, Բուլղարիա, Չեխիա, Ֆրանսիա, Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա, Միացյալ թագավորություն և այլն»,- հայտարարեց Նազարյանը: