«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի այսօրվա նիստում, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քննարկվեց եւ հաստատվեց “Սեւան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի 2012թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Այս մասին Yerevannews.am-ը տեղեկացավ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կազմակերպության 2012թ-ի փաստացի մուտքերը կազմել են 390 մլն դրամ`նախատեսված 423.5 մլն դրամի դիմաց. 2011 թ-ի համեմատ եկամուտներն ավելացել են 63 մլն դրամով:
Անդրադարձ եղավ “Սեւան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող հողի վարձակալության վարձավճարներից համապատասխան համայնքային բյուջեներ փոխանցվող գումարների չափին: Նշվեց, որ 2012 թ-ին համայնքային բյուջեներ է փոխանցվել 39 մլն դրամ`նախորդ տարվա 19 մլն դրամի դիմաց, ներկայումս ՊՈԱԿ-ի հետ վարձակալության պայմանագրեր ունի 18 համայնք:
Ա. Գեւորգյանը նշեց, որ համայնքային բյուջե փոխանցվող գումարների արձանագրված աճի միտումը պետք է պահպանել եւ աշխատանքներ տանել դրանք ավելացնելու ուղղությամբ: Հանձնարարվեց խորհրդի հաստատմանը ներկայացնել իրավական առումով խնդիրներ չունեցող վերակնքման ենթակա պայմանագրերը:
Խորհուրդը քննարկեց նաեւ ՊՈԱԿ-ի 2013թ. եկամուտների եւ ծախսերի նախահաշվի նախագիծը: Ընդամենը եկամուտները ծրագրված է 450 մլն դրամ` նախորդ տարվա 423.5 մլն դրամի դիմաց: Որոշվեց “Սեւան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի 2013 թ. եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը հաստատել`համապատասխանեցնելով այն հունվարի 1-ից գործող եկամտային հարկի եւ նվազագույն աշխատավարձի դրույքաչափի մասին օրենսդրության պահանջներին: Որոշվեց նաեւ, որ ՊՈԱԿ-ի 2013 թ. առաջին կիսամյակի արդյունքներն առանձին կքննարկվեն խորհրդի նիստում: