Ֆրանսիական «Liberation»-ը գրում է. Ֆրանսիայի՝ Ուազա դեպարտամենտի Սանլիս քաղաքի կացարանից, կարող են արտաքսվել հղիության 7-րդ ամսում գտնվող հայուհին եւ նրա ընտանիքը:
Ինչպես հայտնում է կայքը՝ հղում անելով France-Presse գործակալությանը, Մանուկյանների ընտանիքը կարող է արտաքսվել, քանի որ ապաստան ստանալու նրանց խնդրանքը մերժվել է:
Ի պաշտպանություն հայկական ընտանիքի կոմիտե է ստեղծվել, որի ղեկավար Լեո Նիկոլյանը հայտնել է, որ երկրի օրենքը գործում է բոլորի վրա և այս ընտանիքին ևս ետ կուղարկեն Հայաստան:
Սակայն հավելել է, որ մյուս կողմից էլ ճիշտ չէ հղի կնոջը փողոց նետել: Մանուկյաննների ընտանիքը բաղկացած է երկու ծնողներից և երկու դպրոցականներից՝ 17 եւ 18 տարեկան: Նրանք Սանլիս են եկել 2012թ-ի մարտին, սակայն ապաստան ստանալու հայցը մերժվել է հունվարի 3-ին: Նրանք ապաստան փնտրողների հանրային կացարանը պետք է լքեին մինչև փետրվարի 3-ը: Նիկոլյանը նշել է, որ Մանուկյանների ընտանիքը դեռևս երկրի տարածքը լքելու պահանջով գրավոր փաստաթուղթ չի ստացել, բայց մոտակա օրերին կստանա: