Ազգային վիճակագրական ծառայությունը փետրվարի ամսական գնանկման պայմաններում արձանագրել է տարեկան գնաճի տեմպի արագացում։ Փետրվարին 12-ամսյա գնաճը կազմել է 3,1%, այն դեպքում, երբ հունվարին 2,6% էր։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա փետրվարին հունվարի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0,4% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0,7%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,2%-ով, ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0,1% հավելաճ։ 2013թ. փետրվարին, 2012թ. նույն ամսվա համեմատ, գնաճը կազմել է 3,1%, այդ թվում՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 2,8%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 5,5%, ծառայությունների սակագներինը՝ 2,3%։

Փետրվարին տարեկան գնաճի տեմպի արագացումը ուշագրավ է, քանի որ հունվարի համեմատ տեղի է ունեցել ոչ թե գնաճ, այլ գնանկում։ Համեմտության համար՝ անցած տարի փետրվարի ամսական կտրվածքով գնանկման պայմաններում տեղի էր ունեցել նաև տարեկան գնաճի տեմպի նվազում։

ԱՎԾ-ի հրապարակումից երևում է, որ պարենային ապրանքների շուկայում փետրվարին 12-ամսյա գնաճը պայմանավորված է եղել մսամթերքի (3,3%), ձվի (4,4%), ծխախոտի և ոգելից խմիչքների (5,1%) գների աճով։ Մյուս կողմից՝ կարտոֆիլի և բանջարեղենի ապրանքային խմբում գները նվազել են 5,8%-ով, մրգի գները՝ 3,1%-ով։