«Հրապարակը» գրում է. «Հետաքրքիր զուգադիպությամբ, շաբաթ օրը և ԵԿՄ-ն է համագումար հրավիրել, և ԲՀԿ-ն։ Ավելին՝ խոսակցություն կար, որ ԲՀԿ համագումարը լինելու էր ժամը 12-ին, սակայն տեղափոխվել է ԵԿՄ-ի ժամին՝ 11-ին։
ԲՀԿ նախորդ համագումարը, որը հրավիրվել էր Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, ինչպես կասեր «Մուլտի գրուպի» կառավարիչ Սեդրակ Առուստամյանը, «գրանդիոզ» միջոցառում էր։ «ՍՈւ-35»-եր էին «թռչում»՝ ցուցանելու համար ԲՀԿ հզորությունը։ Այս անգամ ԲՀԿ-ն «տնեցիներով», համեստ հավաքվելու է «կանյաչնիում», որևէ-մեկին հրավերք չի ուղարկել, որովհետև «որևէ մեկը» հասկացրել է, որ չի գալու, այլ գնալու է ԵԿՄ համագումար։
Չնայած շատերն ասում են՝ ԲՀԿ-ի «լուռն» ավելի վտանգավոր է, քան «աղմուկը»։ Ինչ վերաբերում է ԵԿՄ համագումարին, այն անցկացվելու է ՄՀՀ փոքր դահլիճում, ինչպես ասացինք, հրավիրված են Սերժ Սարգսյանը, ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարները, ՀՀԿ-ական վերնախավը։ Չի հրավիրված միայն Աժ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը՝ Մանվել Գրիգորյանի եղբորորդին, որի հետ վաղեմի հակասություններ ունեն։ Ի դեպ, ասում են՝ ԵԿՄ համագումարում այլ հետաքրքիր դեմքեր էլ են լինելու»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։