Լեգենդար Շառլ Ազնավուրը, այցելելով Ցյուրիխում անցկացվող խոշորագույն շախմատային մրցաշար, պատրաստակամությամբ համաձայնվել է մասնակցել «Շախմատային Հայաստանի» գլխավոր խնբագիր Գագիկ Հովհաննիսյանի հարցազրույցին: 

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը.

- Վարպետ, անչափ ուրախ ենք, որ Դուք, լինելով այժմ, կարծում եմ, աշխարհում ամենահայտնի հայը…

- Այո (ժպտալով), կարծեմ, իսկապես այդպես է …

- …Եվ ահա, Դուք ժամանակ գտաք գալ այստեղ, որտեղ մրցում են աշխարհի ամենանշանավոր շախմատիստները, այդ թվում` մեր Լեւոն Արոնյանը: Որքան տեղյակ եմ, Դուք ոչ միայն հետաքրքրվում եք շախմատով, այլեւ ինքներդ եք խաղում:

- Կարող եմ ասել, որ այդպես էր սրանից 30-35 տարի առաջ, երբ ես խենթի պես էի սիրում շախմատ խաղալ:

- Կհիշե՞ք, թե երբ սովորեցիք շախմատ խաղալ եւ ո՞վ Ձեզ սովորեցրեց:

- Բանաստեղծ Միսաք Մանուշյանը: Պատերազմի տարիներին, երբ գերմանացիները զավթել էին Փարիզը, Մանուշյանն ապրում էր մեր տանը: Ամբողջ օրը չէինք կարող տանից դուրս գալ, պետք է ինչ-որ բանով զբաղվեինք, եւ Միսաքն ինձ շախմատ խաղալ սովորեցրեց:

- Միսաքը լա՞վ էր խաղում շախմատ: Դու՞ք էիք հաղթում, թե՞ նա:

- Չեմ կարող ասել, թե ինչքան լավ էր խաղում: Հասկանալի է, որ ինձ հաղթում էր: Ավելի շուտ նա ինձ պարզապես սովորեցրեց քայլերը, իսկ ես մեծ մասամբ խաղում էի իմ երաժիշտների հետ:

- Եվ ովքե՞ր էին Ձեր մրցակիցները:

- Շատ էի խաղում դաշնակահարիս եւ նրա երկու եղբայրների` նույնպես երաժիշտների հետ: Նրանք Լիբանանից էին` Ռաբաթ ազգանունով, արաբներ էին, բայց իրենց մայրը հայուհի էր, որը որբ էր եղել, աշխատանքի էին վերցրել այդ ընտանիքում, ապա տղաներից մեկը ամուսնացել էր հետը, ունեցել էին վեց զավակ: Նրանցից երեքին ընդունել էի իմ երաժշտախումբ: Եվ հենց նրանց հետ էի անընդհատ շախմատ խաղում:

- Վարպետ, Դուք ասացիք, որ խենթի պես սիրեցիք շախմատը: Ինչպե՞ս կբացատրեք, ինչո՞վ Ձեզ գրավեց շախմատը:

- Ժամանակին, երբ հիվանդանոցում էի, բժիշկս խորհուրդ տվեց իմ հիմնական գործից բացի մի քիչ զբաղվել այլ բանով: Ինձ համար դա շախմատն էր, բայց ես կյանքում չեմ կարող ինչ-որ գործ ՙմի քիչ՚ անել: Այդպես սկսեցի շախմատ խաղալ հիվանդի պես, խենթի պես:

- Իսկ այս անցած 30-35 տարիներին, երբ չէիք խաղում, այնուամենայնիվ, հետեւու՞մ էիք շախմատային իրադարձություններին:

- Գիտեմ, որ շախմատը Հայաստանում մեծ հաջողությունների է հասել: Հետեւում եմ եւ հպարտանում: Միշտ, երբ որեւէ տեղ հայերը նվաճումներ են ունենում, ես սիրով հետեւում եմ եւ ուրախանում, հպարտանում: Իսկ եթե անհաջողություն է, չեմ էլ ուզում այդ մասին խոսել: Իսկ հիմա սիրով հետեւում եմ տաղանդավոր հայ տղայի` Լեւոն Արոնյանի խաղին: Հայերը միշտ պետք է լավագույնը լինեն, շահեն` լինի դա շախմատում, համերգներում, թե այլ տեղ: