ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն այսօր կայացա ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, նշեց, թե այն կարծիքին չէ, որ բնակչության բացարձակ մեծամասնությունը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

«Ես չեմ տեսել, որ բնակչության մեծամասնությունն այս օրենքին դեմ է, գոնե ասեիք մասնակիցների մեծ մասը», - նշեց նա, հավելելով, որ մի լավ բան տեղի ունեցավ, որ բոլոր գործատուները փորձում են բարձրացնել աշխատավարձերը կամ փոխհատուցել պարտադիր 5% վճարը:

Նա նշեց, թե որոնք են այս օրենքի երեք առավելությունները: «Դուք կստանաք բարձր կենսաթոշակ, նշված գումարները կստեղծեն նոր աշխատատեղ, կլինեն լրացուցիչ միջոցներ տնտեսության աճի համար», - նշեց Հակոբ Հակոբյանը:

Պատգամավորի խոսքով` քաղաքացին իր գումարը կարող է վերցնել եւ օգտագործել միայն եթե իր կյանքին վտանգ է սպառնում:

Լրագրողների հարցին, թե ինչ են անելու Սահմանադրական դատարանի մարտի 28-ի որոշումից հետո, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Որոշման մասին կարող է ասել միայն Սահմանադրական դատարանը: Սպասենք ու տեսնենք` ինչ կորոշի դատարանը եւ նախագահը»: