Դիվագետի օրվա կապակցությամբ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվել է  Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը, որում մասնավորպես նշվում է.

«Հայաստանն  այսօր նշում է դիվանագետի օրը։ Յուրաքանչյուր պետության և ժողովրդի կյանքում կան իրադարձություններ և տարեթվեր, որոնք առանձնանում են իրենց խորհրդով և կարևորությամբ։ Կարծում եմ, որ մեր ժողովրդի արդի պատմության այդ շրջադարձային տարեթվերի շարքին է դասվում 1992թ. մարտի 2-ը։ Ուղիղ 21 տարի առաջ այս օրը մեր դրոշը բարձրացվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև՝ Հայաստանը դարձավ Միավորված Ազգերի կազմակերպության անդամ։ Դրանով Հայոց նորանկախ պետության ծննդյան վկայականը ստացավ միջազգային վավերացում։ Բազմախորհուրդ, բայց միևնույն ժամանակ օրինաչափ է ՀՀ կառավարության կայացրած որոշումը, որով մարտի 2-ը սահմանվեց որպես Հայաստանի Հանրապետության դիվանագետի օր։

Նորաստեղծ հայկական դիվանագիտությունը սկսեց իր առաջին քայլերը բարդ պայմաններում։ Պատմական հանգամանքների բերումով Հայաստանը չուներ դիվանագիտական խորը ավանդույնթեր և փորձ, շատ հաճախ ստիպված էինք կայացման ընթացքում սովորել, ձևավորել դիվանագիտական մեր ձեռագիրը և ոճը։ Չնայած բոլոր դժվարություններին դա հնարավոր եղավ անել բավականին կարճ ժամանակահատվածում։

Այսօր Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 157 պետությունների հետ, 87 միջազգային կազմակերպության անդամ է։ Արտերկրում գործում է Հայաստանի 61 դիվանագիտական ներկայացուցչություն, իսկ մեր երկում՝ 58 երկրների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայցուցչություններ։  Հայաստանի և տարբեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև կնքված է 1744 պայմանագիր և համաձայնագիր։

Մեր դիվանագետների լարված աշխատանքի շնորհիվ ամուր հիմքեր են ստեղծվել հետագա ձեռքբերումների համար: Հայաստանը շարունակելու է իր նախաձեռնողական քաղաքականությունը՝ հետամուտ լինելով մեր երկրի և ժողովրդի շահերից բխող նպատակների իրականացմանը, միջազգային հանրության հետ համատեղ ուժերով նպաստելով մարդկության առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավմանն ու խնդիրների լուծմանը, առավել խաղաղ, անվտանգ, ապահով եւ արժանապատիվ ապագայի կերտմանը»: