ԵԿՄ 10-րդ համագումարի ժամանակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը դարձել էր ԵԿՄ վարչության անդամ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում լրագրողները խնդրեցին Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանին մեկնաբանել նման որոշումը:

Հայկ Ալումյանը նշեց, որ այս որոշման մեջ ավելի շատ կա քաղաքական բաղադրիչ, որին ինքը չի ուզում անդրադառնալ, սակայն կա նաև իրավաբանական բաղադրիչ, որին պաշտպանն անդրադարձավ:

«ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է , և թե ով կլինի անդամ իրենք են ընտրում: Թե ինչից ելնելով են որոշում՝ անցյալի, անբասիր վարքի, մեր երկրի ներդրման համար: Համենայնդեպս դա այդ միության ներքին հարցն է և չլինելով անդամ, չեմ կարող գնահատական տալ», - նշեց նա:

Ժաննա Ալեքսանյանն էլ անդրադառնալով այս հարցին, նշեց, որ սա վկայում է, որ նախկին մարզպետը վայելում է հենց նախագահի հովանավորչությունը, ով ոչ մի դատապարտող հայտարարությամբ այս ամբողջ ընթացքում հանդես չեկավ:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին կայացել էր ԵԿՄ 10-րդ համագումարը, որի ժամանակ ընտրվել էին ԵԿՄ նախագահության և վարչության անդամներ: Վերջինիս անդամ էր դարձել հենց նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: