ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից կազմվել են այն առաջնային ապրանքների ցուցակը, որոնք համարվում են զգայուն և ՄՄ միանալու դեպքում պետք է գործեն ՀՀ մաքսատուրքերի դրույքաչափերը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ ամփոփելով չորս աշխատանքային խմբերի իրականացրած աշխատանքները:

«Մենք պատրաստել էինք այն առաջնային ապրանքների ցուցակը, որոնք կարող են համարվել զգայուն և մենք նպատակահարմար չէինք համարել, որ Հայաստանը դրանց գինը բարձրացնի: Դա պետք է ներկայացվեր կոմիտեին և սկսվեին քննարկումները: Շարունակվել են քննարկումները գործարար ոլորտների հետ», - նշեց նա, հավելելով, որ ներքին քննարկումների ամփոփումից հետո ցանկը կներկայացվի ՄՄ համապատասխան մարմիններին՝ հարցը ուսումնասիրելու և բանակցությունը սկսելու նպատակով:

Նա նշեց, որ Մաքսային միությունում որոշակի ապրանքների մասով կա դրույքաչափերի տարբերություն և այն ապրանքները, որոնք համարվում են զգայուն, կկիրառվի ցածր դրույքաչափեր, որպեսզի ներքին շուկայում չլինի գների բարձրացում: Փոխնախարարը նաև նշեց, որ շատ ապրանքների դեպքում նույնիսկ մաքսատուրքերի իջեցման դեպքում այն ավելի բարձր կկազմի քան ներկայումս:

Փոխնախարարն անդրադարձավ այն խոսակցություններին, թե ՄՄ միանալուց հետո սպասվում է գնաճ՝ 1.4 տոկոս և նշեց, որ դա անիրական է և կլիներ միայն այն դեպքում, եթե որևէ բացառության մասին քննարկումներ չտարվեին:

«Եթե որևէ բացառություն չկազմեինք, գնաճը կկազմեր 1.4 տոկոս, սակայն նրա խոսքերով, դա հնարավոր չէ և հիմա ամեն ինչ արվում է բանակցությունները հաջող ավարտելու համար», - նշեց նա, հավելելով, որ այդ բացառությունների մեջ ներառված են նաև ավտոմեքենաները:

Նա նշեց նաև, որ երրորդ երկրից մեքենա ներկրելու և այն հետո ՄՄ երկրներ արտահանելու դեպքում, այն պետք է կրկին անգամ մաքսազերծվի: Փոխնախարարի խոսքերով, այդտեղ հստակեցնելու խնդիր կա և այդ հարցերը գտնվում են քննարկման փուլում:

Լրագրողներից մեկը հարց ուղղեց նաև, թե այժմ ինչ փուլում են գտնվում բանակցությունները և ճիշտ է, որ կրկին շտապու՞մ ենք ՄՄ միանալու համար, ինչին ի պատասխան նա նշեց, որ առաջիկա օրերին բոլոր աշխատանքային խմբերի ղեկավարները կներկայացնեն աշխատանքների արդյունքները և այդ աշխատանքները կամփոփվեն միայն վերջնական արդյունքից հետո: