«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է` իրեն ընտրած մեկ միլիոն քաղաքացիները տեղում են, հույսը չեն կոտրել և պատրաստ են պայքարի: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում:

Հարցին, թե միավորվելու է ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հետ, նա պատասխանեց. «Ժողովուրդը ինքը թելադրում է միացում` թե ներքին, թե արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար և մենք բոլորս պիտի սպասավոր լինենք ժողովրդի պահանջին»:

Ինչ վերաբերում է, թե ինչու այսօր հանրահավաք չարեց, այլ ուղղակի փոքրաթիվ հանդիպում,  նա ասաց, որ այսօր Ազատության հրապարակում Պարույր Հայրիկյանն է հանրահավաք անում, մտահոգություն չկար, որ քիչ մարդիկ կան, և իրենք հանրահավաք չէին հրավիրել:  Նա նաև նշեց, թե մասնակցելու է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված ՀԱԿ-ի կողմից հրավիրված հանրահավաքին:

Այն դիտարկմանը, թե իր խմբակցության լավագույն պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ԱՄՆ է ուղարկել, չի տուժելո՞ւ խմբակցությունը, Հովհաննիսյանն արձագանքեց. «Ոչ, ոչ, երբեք: Ոչ մեկը Զարուհուն ոչ մի տեղ չուղարկեց, նա գնացել է իր ցանկությամբ ուսումնառության համար, կշարունակի իր պայքարն այնտեղից»: