ՃՈ պետ Արսեն Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունն առաջին հայացքից զուտ թվային ցուցանիշ է: Սակայն, այդ դեպքերից յուրաքանչյուրը մի ընտանիքի ողբերգություն է, մանավանդ եթե ավարտվել է մահվան ելքով: Ամեն անգամ, երբ մենք` ՃՈ պատասխանատուներս, երթեւեկության կանոնները պահպանելու, սահմանված արագությունը չգերազանցելու կոչ ենք անում, մեր հոգու խորքում հավատում ենք, որ 10 վարորդից մեկը գոնե ականջալուր կլինի: Ցավոք, իրականությունն այլ բան է հուշում:
Երբեմն մեղավոր եմ համարում նաեւ մեզ, մտածում եմ` գուցե ավելի շատ պետք է կոչ անենք, խոսենք այդ մասին, աշխատանքներ իրականացնենք, մյուս կողմից էլ մտածում եմ` բայց մի՞թե պետք է հիշեցնել այդ մասին: Չէ՞, որ կյանքում ամենաթանկը հենց կյանքն է, որ մի անգամ է տրված յուրաքանչյուրիս: Ինչո՞ւ այդքան դաժան վարվել սեփական կյանքի հետ, ինչո՞ւ որբացնել սեփական երեխաներին, հարազատ մարդկանց, ծնողներին: Ինչու, եթե կարելի է պարզապես մի քիչ զգոն լինել, մի քիչ զգույշ վարել, չգերազանցել արագությունը:
Մահվան ելքով յուրաքանչյուր դեպք ողբերգություն է նաեւ մեզ համար: Ակամայից նաեւ մենք` դեպքի վայր մեկնող ՃՈ, շտապօգնության ու փրկարար ծառայության աշխատակիցներս ենք ապրում այդ ցավը: Մարդկայնորեն դժվար ու դաժան է գիտակցել, որ անզոր ես առաջին օգնությունը ցուցաբերել ու փրկել մարդու կյանքը:
Սիրեք կյանքը, զգույշ ու զգոն եղեք, պահպանեք երթեւեկության կանոնները, ոչ սթափ վիճակում մի նստեք ղեկի մոտ: Երբեմն մեր վարորդները կարծում են, որ գիշերը կարելի է արագ վարել: Ցավալի է, բայց փաստ, որ դժբախտ պատահարների զգալի մասը տեղի է ունենում հենց գիշերվա ժամերին, ալկոհոլի ազդեցությամբ ու արագության գերզանցմամբ……….
Նման ողբերգական դեպք արձանագրվել է նաեւ այսօր լուսադեմին, ՃՏՊ-ին զոհ է գնացել երեք մարդ….