ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին:
«Նաիրա Զոհրաբյանը հավանաբար մոռացել է, որ ժամանակին գործել է մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով, հանձնաժողովը տվել է իր եզրակացությունը, ինքն էլ եղել է այդ հանձնաժողովի անդամ։ Հակառակ դեպքում Տիկին Զոհրաբյանն այսօր չէր հայտարարի, թե ԲՀԿ-ն կմիանա որպես նախագծի համահեղինակ, եթե Կոնգրեսը Ազգային ժողովում հանդես գա մարտի 1-ի հարցերով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։
Ի՞նչ նորություն պետք է ասեն ԲՀԿ-ն կամ Նաիրա Զոհրաբյանը նոր ակնկալվող հանձնաժողովում, որ չեն ասել տարիներ առաջ։ Իսկ եթե ասելու բան է եղել, ու չեն ասել, ապա հիշեցնեմ, որ իմանալ-չհայտնելը հետապնդվում է օրենքով։
Ի՞նչն է փոխվել։ Թե՞ կոալիցիայում լինել-չլինելու հանգամանքը տրամագծորեն փոխում է փաստերի նկատմամբ մոտեցումները։
Չենք զարմանա, եթե առաջիկայում Նաիրա Զոհրաբյանը հայտարարի մազութի գործով հանձնաժողով ստեղծելու իր ցանկության մասին։ Ցավալի է, որ ԲՀԿ-ն էլ է իր քաղաքական սնանկության պատճառով որոշել շահարկել մարտի 1-ի դեպքերը։
Հետաքրքիր քաղաքականություն է որդեգրվել այլընտրանքի կողմից. քվեարկել մի բանի համար, հետո արտահայտել լրիվ հակառակ կարծիք նույն բանի վերաբերյալ։ Ապացույցը՝ կենսաթոշակային բարեփոխումներն են։