Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ վերջին շրջանում ակտիվ քննարկման թեմա դարձած գազի կալորիականության խնդրին:

Նա նկատեց, որ հասարակության կողմից կան կասկածներ, որ գազի կալորիականությունը չի համապատասխանում ստանդարտներին և նորմայից ցածր է:

Դիմելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին` նա հարցրեց, թե ինչպե՞ս կարող է մասնագիտական եզրակացությունները մատչելի ձևով ներկայացնել հանրությանը:

Վերջինս ի պատասխան ասաց, որ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք բողոքում են գազի որակից, մասնավորապես, որ կալորիականությունը չի համապատասխանում ստանդարտին: Նա նշեց, որ սահմանի վրա գազը չափվում է: Բացի այդ, ըստ Նազարյանի, սահմանի վրա չորս ատնտեսվարող սուբյեկտները «Հրադանի ՋԵԿ»-ը, «Երևանի ՋԵԿ-»-ը, «Անի ՋԵԿ»-ը և «Արարատի ցեմենտի գործարան»-ը շահագրգռված են, որ գազի կալորիականությունը հաապատասխանի ստանդարտներին:

Նազարյանի խոսքերով, նախորդ տարվա մայիսին հանդիպում է ունեցել գործարարների միությունում և առաջարկել համախմբվել, ձեռք բերել լաբորատորիա, որի արժեքը կազմում է 25-30 հզր ԱՄՆ դոլար, որն էլ հնարավորություն կտա ուսումնասիրել գազի որակը: Նա ցավով նշեց, որ այդ ուղղությամբ մինչ օրս որևէ քայլ չի ձեռնարկվել:

«ֆերմերներն էլ, ովքեր զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ, բողոքում և ասում են, որ կալորիականությունը ցածր է և ստիպված կրկնակի են վառում»,- նկատեց Ռոբերտ Նազարյանը:

Նրա դիտարկմամբ` ճիշտ կլինի էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ստեղծել աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն նաև գիտութհյունների ակադեմիայից, հանրային խորհրդից, գյուղատնտեսության նախարարությունից և այլ կառույցներից:

«Հանձնաժողովի միջոցով կհասկանանք, թե ինչ կարելի է անել, որ վստահությունը հանրության կողից մեծանա և դառնա համոզիչ: Պատրաստ ենք մենք էլ մեր մասնակցությւնն ունենալ»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:

Ի պատասխան վարչապետն ասաց. «Մասնագետները մեզ ներկայացրել են, որ կալորիականության արհեստական փոփոխություն իրականացնելն անհնարին է; Պետք է ստեղծել հանձնաժողով, որում մասնագետները հնարավորություն կունենան իրենց մասնակցությունն ունենալ և եզրակացություններ ներկայացնել»:
Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց հանձնաժողով ստեղծելու համար պատրաստել համապատասխան որոշում, որում ներգրավված կլինի էկոնոմիկայի նախարարությունը և հասարակական տարբեր կազմակերպություններ: