Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը առաջարկում է, որ Հայաստանի հյուսիսային սահմանները հսկեն ռուսական զորքերը: Նա այս մասին նշեց այսօր կայացած ասուլիսի ընթացքում և իր առաջարկն արեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանին:
«Հիմա հայ-ադրբեջանական սահմաններին կրակում են: Առաջարկեք որպես պատգամավոր եւ որպես արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, որպեսզի օրինակ հյուսիսային սահմանները հսկեն ռուսական զորքերը»,- ասաց Հովհաննես Իգիթյանը` բացատրելով, որ եթե Հայաստանի դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, ապա թող իրենց զինվորները պաշտպանեն հայկական սահմանները:
«Հենց այնպես առաջարկ եք անում, ես չեմ ընդունում դա, անտրամաբանական է: Լեռնային Ղարաբաղի սահմանները լավագույնս պահպանում են հենց մեր զինվորները»,- նշեց Արտակ Զաքարյանը:
«Չգիտեմ, մի բան առաջարկեք»,- հակադարձեց Իգիթյանը:
Արտակ Զաքարյանը պատասխանեց հետեւյալը. «Հիմա ի՞նչ, էնքան որ մի բան առաջարկե՞նք, կապ չունի՞ սխալ, թե՞ ճիշտ: Ձեր այս առաջարկը ընդունել չեն կարող: Մենք կարողանում ենք ինքներս մեզ պաշտպանել»: