ԱԺ-ում տեղի է ունենում պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Օրակարգում ընդգրկված են մի քանի նախագծերի քննարկում, ընդունում, հիմնական զեկուցողը հանդիսանում է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Իր խոսքում Հրայր Թովմասյանն անդրադարձավ նաև Միասնական քննչական կոմիտեի ստեղծմանը, նշելով, որ պետաիրավական բարեփոխումների շրջանակներում Միասնական քննչական կոմիտեի ստեղծման համար կան համապատասխան նախադրյալներ:
Ըստ փոփոխությունների, այսուհետ ՀՔԾ և Միասնական քննչական կոմիտեի ղեկավարներին պետք է ներայացնի վարչապետը, այլ ոչ գլխավոր դատախազը:
«Փոփոխությունները վերաբերում են նաև քննչական կոմիտեի ղեկավարի նշանակմանը, որը նախկինում կատարում էր գլխավոր դատախազը, հիմա գտնում ենք , որ Հատուկ քննչական ծառայության պետին և Միասնական քննչական կոմիտեի ղեկավարին պետք է նշանակի վարչապետը՝ նախագահի համաձայնությամբ», - պարզաբանեց նա:
Վարչապետի կողմից նշանակումը զարմանք առաջացրեց պատգամավորներից շատերի մոտ, իսկ Կարեն Ճշմարիտյանն էլ ցանկացավ ճշտել, թե որն է նման որոշման պատճառը, ինչին ի պատասխան, նախարարը բացատրեց, որ դա գործադիր ֆունկցիա է:
Ներկայացված փոփոխություններից մի քանիսի հետ համաձայն չէին անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ըստ որոնց կան վիճելի հարցեր, նախարարն էլ մասամբ համաձայնվեց, խոստանալով ևս մեկ անգամ քննարկել այս հարցը: