Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջերս Տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսությանը:
«Նենց տպավորութուն էր, թե գաղտնի օպերացիա էր, և ուսանողներն ու ռեկտորը գնացին խուլիգանական քայլերի և կոպտորեն խախտեցին հանրության իրավունքը: Հանրությանը շատ հետաքրքրիր է, թե Տարոն Մարգարյանն այդ ինչի հաշվին է պաշտպանում ատենախոսությունը: Արդյո՞ք դուք կամ ձեր կառույցը միջոցներ ձեռնարկելու ե՞ք պատժելու համար նրանց նման քայլերը», - հարց ուղղեց նա ԿԳՆ փոխնախարարին:
Հարցի քննարկումը թեժացավ, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև բանավեճ ծավալվեց: Գեղամյանը ընդհահեց Փաշինյանին. «Խնդրում եմ այս ամենը ներկայացնել պայմանագրի լույսի ներքո»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ կատակելով հարցրեց, թե արդյոք այս միջադեպի մասին տեղյակ պահվե՞լ է Հաշիմյան Թագավորությունը:
Նիկոլ Փաշինյանն էլ դիմեց պատգամավորներին խնդրեց. «Հենց սկզբից ես հիմնավորեցի կապը թեմայի հետ, և եթե անհրաժեշտ է, կարող եմ հավելյալ հիմնավորել»: Գեղամյանն էլ շարունակեց հեգնել՝ նշելով. «Կարևորը դուք պատկերացում ունեք, որ դա անմիջապես կապված է թեմային, Հարգելի պարոն Փաշինյան, ձեր մակերեսային դատողությունները մեր վզով մի փաթաթեք, ձեզ էլ իրավունք մի վերապահեք շեղել մեզ հարցի բուն քննարկումից»:
Փաշինյանն էլ նշեց. «Ես հույս ունեմ, որ այդ թեման ձեր հերթական գրքի մեջ անպայման կարծարծեք»: Գեղամյանն էլ ասաց, թե ինքը իր գրքում շատ ավելի լուրջ թեմաների է անդրադառնում և շատ ավելի լուրջ ընթերցողի համար է հաշվարկված: