«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունում ոչ միայն տղամարդիկ են հարուստ, այլ նաեւ կանայք: Եվ այդ տեսակետից առաջինը աչքի է ընկնում Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով այդ կուսակցության, այսպես ասած, խոշոր բիզնես-լեդիներից է:

Եվ այսպես` 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրում տիկին Նաղդալյանը գրանցել է 6 անշարժ գույք: Երկու բնակարան Երեւանի Գեւորգ Չաուշի 14/13 հասցեում, որոնք նույն չափի են եւ ունեն 102,8 քմ տարածք:

Վերջինս հողակտորներ ունի Ծովակալ Իսակովի 11/13, 15/26 հասցեներում եւ Դավիթ Անհաղթի փողոցի շրջակայքում: Հողակտոր եւ շենք-շինություն ունի նաեւ Սարի թաղում: Այս հողակտորներն էլ նա հավանաբար կարողացել է ձեռք բերել իր կուսակիցների՝ Երեւանի նախկին եւ ներկա քաղաքապետեր Գագիկ Բեգլարյանի եւ Տարոն Մարգարյանի միջոցով:

Բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրում Հ. Նաղդալյանը 2013թ. հայտարարագրել է մոտ 375 մլն դրամ եկամուտ, իսկ դրամական միջոցներ բաժնում՝ 50 մլն դրամ եւ 10.000 դոլար: Նրա ամուսինն ունի 6 մլն դրամ: Նշենք նաեւ որ Հ. Նաղդալյանին ու իր ընտանիքին են պատկանում «Սիսիան Շիկ», «Բեգմիք», «Սիսիանի ԲՈՒԱՏ», «Նազենիկ» եւ «Ալնարս» ՍՊԸ-ները:

Գույքի եւ եկամուտների հայտարարագրերի տվյալներով` ՀՀԿ-ի հաջորդ հարուստ լեդին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է: Վերջինս անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է թե բնակարան, թե ավտոտնակ, թե հողամաս, սակայն դրանց հասցեները եւ տարածքները նշված չեն: Իսկ ֆինանսական միջոցներ բաժնում հայտարարագրել է 28,2 մլն դրամ, 26 հազար 881 դոլար, 21 հազար 827 եվրո:

Նշենք նաեւ, որ նա այն եզակի բարձրաստիճան պաշտոնյան է, ով հայտարարագրել է նաեւ Խորհրդային Միության 82.881 ռուբլի: Թե ԽՍՀՄ-ի փլուզումից ավելի քան 20 տարի հետո այս գումարներն ինչու է այսպես պահում եւ փայփայում նախկին կոմունիստը, դժվար է ասել, բայց Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու նախաշեմին այս հանգամանքը հավանաբար կգնահատի մեր երկրին այդ կառույց քարշ տվող Ռուսաստանը: Իսկ ինչ վերաբերում է այդ` ավելի կան 82 հազար ռուբլուն, ապա ԽՍՀՄ-ի տարիներին այն նույնպես բավականին մեծ գումար է եղել: Եվ չի բացառվում, որ ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչն այն ձեռք է բերել Կոմունիստական կուսակցության ընձեռած ստվերային հնարավորություններից:

ՀՀԿ-ն ունի եւս մեկ հայտնի մեծահարուստ լեդի՝ Երեւանի քաղաքի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան: Վերջինս բարձրաստիճան պաշտոնյա չէ, որ Էթիկայի հանձնաժողովում հայտարարագիր ներկայացնի, եւ դժվար է իմանալ, թե նա ինչ սեփականություն ունի: Սակայն հայտնի է, որ նա ունի ՀԷԿ-եր, որոնք էլեկտրաէներգիա են արտադրում եւ վաճառում: Իսկ այդ բիզնեսը Հայաստանում գործում է կիսաստվերային վիճակում եւ իր սեփականատերերին գերշահույթներ է ապահովում:

Ավելացնենք նաեւ, որ դժվար թե այս պաշտոնյաները, հատկապես Հ. Նաղդալյանը հայտարարագրած լինի իր ողջ ունեցվածքը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում