Գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության վերաբերյալ առաջարկով հանդես եկավ նաև ՍԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նախ նա նշեց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե իրենց առաջարկը լավը չէր:

«Համաձայն չեմ, որ մեր ներկայացրածը քաղաքական շահարկում էր, իսկ ձերը զտարյուն, մաքուր ցանկություն», - նշեց նա:

Պատգամավորը նշեց, որ ամենակարևորը Ժամկետների հարցն է:

«Մենք շարունակում ենք պնդել, որ հանձնաժողովի եզրակացության վերջնական ժամկետ համարվի այս նստաշրջանի ավարտն ամենաուշը: Մենք ձեզ երեկ ասել էինք, որ համաձայն չենք, որ այն ներկայացվի նոյեմբերին: Մեր որոշումը լիովին կախված է այն հարցից, թե երբ կլինի եզրակացությունը», - նշեց նա:

Ըստ պատգամավորի, երեկ այս նույն հարցին Դավիթ Հարությունյանը միայն ասել էր՝ այո կարող է լինել: Այսօր Զոհրաբյանը հորդորեց կոնկրետ պատասխանել այս հարցին:

«Այո կարող է ընդունելի լինել, բայց ես պետք է լսեմ բոլորի առաջարկը», - պատասխանեց Դավիթ Հարությունյանը, պարզաբանելով, որ այդպես է ասել՝ բոլորի առաջարկները լսելու և նոր միայն որոշում կայացնելու համար:

Վերջում Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ դրական կլինի միայն իրենց առաջարկի ընդունման դեպքում: